25.11.2024
Որևէ վատ բան կա՞. Ծառուկյանը պարզաբանել է Քրիստոսի արձանը կառուցելու իր ցանկությունը
prev Նախորդ նորություն

Պատրաստելու եմ մարզիկների, ովքեր մենամարտեր կանցկացնեն ԱՄՆ-ում և աշխարհում. Վիկ Դարչինյան

Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր՝ հունվարի 20-ին, այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, հանդիպել քոլեջի ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին:


Հանդիպմանը ներկա են գտնվել նաև քոլեջի տնօրեն, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Վիկ Դարչինյանի կինը՝ Ջավահիր Եղիկյանն ու բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:


Վաղինակ Գալուստյանը նշում է՝ թեև ինքը շատ քիչ է օգտագործում լեգենդար բառը, սակայն Վիկ Դարչինյանին հենց այդպես պետք է բնութագրել. «Վիկի հետ մի քանի հանդիպումների ներկա լինելով՝ տեսել եմ, թե ինչպես են ոչ պակաս լեգենդար բռնցքամարտիկները ողջունում և խոնարհվում նրա առջև: Մեր քոլեջի համար իսկապես շատ մեծ պատիվ է Վիկին այսօր հյուրընկալելը: Մեր պատանի սերունդը նրանից շատ բան ունի սովորելու, քանի որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ դժվար է հասնել այն հաջողություններին, ինչին հասել է Դարչինյանը»:


Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ուսանողները մեծ ոգևորությամբ դիմավորեցին անվանի բռնցքամարտիկին ու նրան տարատեսակ հարցեր ուղղեցին՝ կապված մարզական կարիերայի, չեմպիոնական մենամարտերի, նվաճած տիտղոսների հետ: Դարչինյանը շնորհակալություն հայտնեց բովանդակալից հարցերի համար, բայց լավագույն հարցի մրցանակը շնորհեց երրորդ կուրսի ուսանող, ըմբիշ Արմեն Օհանյանին առաջին հարցն ուղղելու խիզախության համար: Վերջինս հետաքրքրվել էր՝ ի՞նչ կմաղթի Դարչինյանը հայտնի և դեռևս անհայտ մարզիկներին:


«Լավ մարզիկը ոչ մի անգամ չպետք է իր ուժը ցույց տա դրսում: Իրեն պետք է տեսնեն միայն մրցման մեջ, կլինի դա բռնցքամարտ, թե այլ մարզաձև: Դրանով ինքն ավելի կբարձրանա: Համեստություն ու նպատակասլացություն եմ մաղթում մարզիկներին: Կլինեն սայթաքումներ, անհաջողություններ. խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել այդ ամենին և գնալ ձեր նպատակի հետևից»,- պատասխանել է Վիկ Դարչինյանը, իսկ հանդիպման վերջում իր ստորագրությամբ և լուսանկարով մարզաշապիկ նվիրել հարցի հեղինակին:


Դարչինյանն ասում է՝ իրեն առանց բռնցքամարտի չի պատկերացնում, ու հավանական է՝ նորից ռինգ դուրս կգա. «Նյու Յորքում մենամարտեր են կազմակերպվում աշխարհի նախկին չեմպիոնների՝ արդեն կարիերան ավարտած բռնցքամարտիկների միջև, ու ինձ ևս հրավիրել են. հնարավոր է՝ նման մենամարտ կայանա արդեն իմ մասնակցությամբ»:


Դարչինյանը, առհասարակ, մտադիր է կապել Հայաստանն ու ԱՄՆ-ը, և դրա համար առաջին քայլը Հայաստանում ակումբ հիմնելն է, որը սերտ համագործակցության մեջ կլինի ԱՄՆ շուկայի հետ. «Մտադիր եմ պատրաստել մարզիկների, ովքեր կարող են մենամարտեր անցկացնել ԱՄՆ-ում ու աշխարհի տարբեր անկյուններում, բայց ներկայացնել Հայաստանը: Ուզում եմ օգտագործել Դարչինյան ազգանունը, որը երիտասարդ բռնցքամարտիկներին ուժ կտա սեփական հնարավորությունները փորձելու այլ երկրներում և մեծ դռներ բացելու աշխարհում: Մնացածն արդեն իրենցից է կախված:


Ակումբի համար արդեն նախնական տեղը որոշվել է, շուտով կսկսվի շինարարությունը: Ակումբում ինքս մարզչական գործունեություն չեմ ցանկանա ծավալել: Մտադիր եմ նշանակել մարզիչների և հետևել, որ լավ կադրեր պատրաստեն: Եթե տեսնեմ մարզիկի, որն առաջ է գնացել, ինքս կզբաղվեմ նրանով, կօգնեմ, որ ավելի մեծ բարձունքների հասնի: Շատ կցանկանամ աշխարհի չեմպիոններ պատրաստել»:


Անվանի բռնցքամարտիկը փաստում է, որ բռնցքամարտը շատ է փոխվել. պետք է կռիվ անես, որ հաղթես. բռնցքամարտիկը պետք է համեստ լինի, կարգապահ ու նպատակասլաց, այլապես հաջողությունների չի հասնի:


46-ամյա նախկին բռնցքամարտիկը հետևում է հայկական բռնցքամարտում տիրող իրավիճակին, ասում է՝ մակարդակը բավականին լավն է, ինչը շատ ուրախալի է. «Հայաստանի հավաքականը գլխավորում է իմ լավ ընկեր Կարեն Աղամալյանը, որին շատ եմ հավանում՝ որպես մարզչի: Ինքն ինձ հետ էլ է աշխատել, պրոֆեսիոնալ կարիերայիս ընթացքում մի քանի մենամարտ եմ անցկացրել իր գլխավորությամբ: Վստահ եմ՝ մեծ հաջողությունները դեռ առջևում են»:


Դարչինյանն առանձնացնում է աշխարհի փոխչեմպիոն, գերծանրքաշային Դավիթ Չալոյանի աննախադեպ հաջողությունն աշխարհի 2021 թվականի առաջնությունում. «Աշխարհի առաջնության եզրափակչում Չալոյանը շատ լավ մենամարտ անցկացրեց ռուս բռնցքամարտիկի հետ, բայց ինչ-ինչ պատճառներով հաղթանակը չշնորհվեց Չալոյանին: Շատ ուրախ եմ, որ ունենք գերծանրքաշային նման բռնցքամարտիկ, որն աշխարհին կարող է ցույց տալ հայի ուժը: Աշխարհում շատ մեծ տեղ են տալիս գերծանրքաշայիններին»:


Հանդիպման ավարտին աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը նշել է` նմանօրինակ հանդիպումներն իր համար շատ ուրախալի են, իսկ ուսանողներին կոչ է արել նպատակներ սահմանել ու երբեք կանգ չառնել դրանց իրականացման ճանապարհին: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանն էլ խոստացել է՝ ուսանողների համար անվանի մարզիկների հետ հանդիպումները դարձնել շարունակական: