25.11.2024
Պատրաստելու եմ մարզիկների, ովքեր մենամարտեր կանցկացնեն ԱՄՆ-ում և աշխարհում. Վիկ Դարչինյան
prev Նախորդ նորություն

Ռոսատոմը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել

Դուբայում՝ Համաշխարհային Էքսպո 2020 ցուցահանդեսի շրջանակում, որտեղ 2022 թվականի հունվարի 20-ին անցկացվում էր ՓՀԱԿ-ի (փոքր հզորության ատոմային կայանների) ռուսական օրը, «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։

Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ-ի («Ռոսատոմ» պետկորպորացիայի մաս է կազմում) նախագահ Եվգենի Պաքերմանովը և «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամություն են հայտնել։

«Ռուսական ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը աշխարհի շատ երկրներում կայուն էներգիայի մատակարարման անբաժանելի մասն է։ Համոզված եմ, որ նոր ատոմային էներգաբլոկների կառուցման ուղղությամբ հետագա համագործակցությունը կարևոր գործոն կլինի ոչ միայն տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետության բարօրության աճի, այլև մեր երկու երկրների միջեւ ամուր բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասել է «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ նախագահ Եվգենի Պաքերմանովը։

«Հայաստանն ուշադիր հետևում է ապակարբոնացման և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում համաշխարհային միտումներին։ Հայաստանում միակը՝ Հայկական ԱԷԿ-ը արտադրում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը և 1977 թվականից հանդիսանում է էներգիայի մաքուր և հուսալի աղբյուր։ Կայանի շահագործման ժամկետը լրանալուց հետո մենք ցանկանում ենք շարունակել երկրի էներգետիկ հաշվեկշռում ունենալ ատոմային էներգիա, ուստի առաջին հերթին դիտարկում ենք ռուսական ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները, որոնք առաջադեմ են աշխարհում», - ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։


Տեղեկատու


«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան բազմաճյուղ հոլդինգ է, որը միավորում է ակտիվներ էներգետիկայի, ճարտարագիտության և շինարարության ոլորտներում: Դրա ռազմավարությունն է զարգացնել ցածր ածխածնային արտադրությունը, ներառյալ քամու էներգիան: Ռոսատոմ պետական կորպորացիան էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ազգային առաջատարն է (ընդհանուր արտադրանքի մոտ 20%-ը) և աշխարհում առաջինն է ատոմակայանների կառուցման պատվերների պորտֆելի ծավալով. 12 երկրում 35 էներգաբլոկ գտնվում է իրականացման տարբեր փուլերում:


«Ռոսատոմ»-ն աշխարհի միակ ընկերությունն է, որն ունի իրավասություններ միջուկային վառելիքի ցիկլի ողջ տեխնոլոգիական շղթայում՝ բնական ուրանի արդյունահանումից մինչև միջուկային օբյեկտների կյանքի ցիկլի եզրափակիչ փուլը։ Պետկորպորացիայի գործունեությունը ներառում է նաև նորարարական միջուկային և ոչ միջուկային արտադրանքների արտադրություն, գիտական հետազոտություններ, Հյուսիսային ծովային երթուղու զարգացում և բնապահպանական նախագծեր, ներառյալ էկոտեխնոպարկերի և վտանգավոր արդյունաբերական թափոնների հետ աշխատելու պետական համակարգի ստեղծումը:


Պետական կորպորացիան միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, որտեղ աշխատում է ավելի քան 275 հազար մարդ։ 2020 թվականի հոկտեմբերից «Ռոսատոմ»-ը հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և կայուն զարգացման ոլորտում բիզնեսի համար Միավորված ազգերի կազմակերպության ամենամեծ նախաձեռնության՝ Գլոբալ համաձայնագրի (ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիր) անդամ: