ԵԱՏՄ-ի երկրների ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 3.1 տոկոս. ԵՏՀ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գնահատմամբ՝ 2022 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ՀՆԱ աճը կկազմի 3,1 տոկոս: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թեեւ ԵԱՏՄ-ի տնտեսությունները բավականին ակտիվ վերականգնվել են անցյալ տարի եւ դուրս են եկել մինչ համավարակի մակարդակի, ընթացիկ տարում հանձնաժողովի փորձագետները կանխատեսում են այդ աճի դանդաղում: Սպասվում է, որ 2022 թվականին Միության ՀՆԱ-ի աճը կկազմի 3,1 տոկոս։ Դա կլինի վերականգնողական աճի ավարտի, հարկաբյուջետային քաղաքականության խթանիչ միջոցների աստիճանական կրճատման եւ երկրների դրամավարկային քաղաքականության խստացման հետեւանք», - հայտնել է նա։
Նաեւ միջնաժամկետ շրջանում Միության երկրների տնտեսական աճի վրա բացասաբար կանդրադառնա ներդրումային ակտիվության ցածր մակարդակը, նշել է Մալկինան: Բացի այդ, ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար բարձր են մնում «պարենային ապրանքների և հումքի համաշխարհային գների աճի, խթանող ֆիսկալ միջոցների գործողության երկարաձգման և ազգային արժույթների փոխարժեքների թուլացման հետ կապված գնաճային ռիսկերը»: ԵՏՀ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ 2021 թվականի արդյունքներով ԵԱՏՄ երկրներում միջին տարեկան գնաճը գնահատվում է 6,1 տոկոս (2020 թվականին գնաճը կազմել է 3,9 տոկոս):
Բացի այդ, միության անդամ բոլոր երկրների համար պահպանվում են COVID-19-ի տարածման նոր ալիքների եւ աշխարհի առաջատար երկրների կողմից դրամավարկային քաղաքականության խստացման կապակցությամբ համաշխարհային ֆինանսական շուկաներում հնարավոր ցնցումների բավական բարձր ռիսկերը, հավելել է Մալկինան: