25.11.2024
Խորհրդարանում բոլորը վերածվել են «հակահետախուզների» ու «թուրքերի որսորդների». Ռուբինյան
prev Նախորդ նորություն

Անկարան պատրա՞ստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների

Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման արդյունքներով երկու երկրները հանդես են եկել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման օգտին: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։


Ռուբինյանը նշել է, որ ինքն ու իր քաղաքական թիմը կողմ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Նա ընդդիմությանը կոչ արեց նաեւ հանդես գալ եւ հայտարարել այդ հարցում իր դիրքորոշման մասին, որից հետո սկսել ավելի բովանդակալից քննարկումներ, որոնք վերաբերում են ինչպես վերջնական նպատակին հասնելու ուղիներին, այնպես էլ այդ հարցում կարմիր գծերին:


Պատգամավորների այն հարցին, թե որն է Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում, Ռուբինյանը պատասխանել է. «Առնվազն Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման արդյունքում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները առանց նախապայմանների»: Ռուբինյանը հատուկ ընդգծել է, որ նման դիրքորոշումն արտացոլված է նաև Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


Ավելի ուշ, արդեն լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը հավելել է, որ առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ «Սակայն, թե ինչպես կընթանա այդ գործընթացը հետագայում, կախված կլինի կողմերի պատրաստակամությունից եւ կառուցողական դիրքորոշման տեւողությունից։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները, ապահովել սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Հայաստանի Հանրապետությունն անկեղծ է այդ դիրքորոշման մեջ։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան նույնպես կառուցողական դիրքորոշում կցուցաբերի այդ հարցում», - հայտարարել է Ռուբինյանը։


Ասել է թե հետագա գործընթացները կախված կլինեն Թուրքիայի անկեղծության և կառուցողականության մակարդակից։ «Հայկական կողմի ցանկությունն է հնարավորինս արագ անցնել սուբստանտիվ բանակցությունների, քանի որ մենք շահագրգռված ենք իրական հարցերի լուծմամբ, եւ դա առաջին հերթին վերաբերում է սահմանների բացմանը», - հայտարարել է նա:


«Հայաստանի ոչ մի իշխանության օրոք հայկական կողմը Թուրքիայի առաջ նախապայմաններ չի դրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ», - հայտարարել է նա: Ռուբինյանը կրկնեց, որ Հայաստանը կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և հավելեց, որ Երևանը նույնը սպասում է Անկարայից: Նրա խոսքով՝ արցախյան հիմնախնդրի կարգավորումը բոլորովին այլ հարթության հարց է, որի լուծման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակմանը, նշել է նա՝ հիշեցնելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի մասին։


Ռուբինյանը նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպման վայրի եւ ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռեւս ձեռք չի բերվել: ԱԺ փոխնախագահը խոստացավ, որ հանրությունն այդ մասին կտեղեկացվի պայմանավորվածության հասնելուց անմիջապես հետո: