ՌԴ-ն Թուրքիայից «բացատրություն» է պահանջել Էրդողանի օգնականի հայտարարությունների համար
Մոսկվան Անկարայից «բացատրություններ» է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականի հակառուսական հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով VERELQ-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում Թուրքիայի և Ադրբեջանի նյարդային արձագանքը ՀԱՊԿ-ի օգնությանը Ղազախստանին։
«Ես, անկեղծ ասած, Բաքվում, ինչպես նաև Անկարայում, պաշտոնյաների կողմից նյարդային արձագանք չեմ տեսել: Անկարայում անհասկանալի հայտարարություն է եղել, մեղմ ասած, նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից։ Ես մոռացել եմ նրա ազգանունը, որը պարզապես դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու Ղազախստանի գործողությունները։ Եվ մենք հիմա մեր թուրք գործընկերներին խնդրել ենք բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Սակայն պաշտոնատար անձինք ոչ մի բացասական մեկնաբանություն չեն արել, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձինք», - ասել է Լավրովը։
Վերջերս Էրդողանի օգնական Իհսան Շեները «Մենք թույլ չենք տա մոռանալ հուլիսի 15-ը» խորհրդաժողովում Ռուսաստանին մեղադրել էր Ղազախստանի օկուպացիայի մեջ։
«Թյուրքական պետությունները հենց նոր ձևավորեցին իրենց միավորումը։ Այն բանից հետո, երբ այդ միավորումը կազմավորվեց, համարվում է, որ Թուրքիան և Ղազախստանը դարձան պետություններ, որոնց օրոք դա տեղի ունեցավ։ Գազի շուկայական գների բարձրացման պատրվակով Ղազախստանն այսօր օկուպացիայի է ենթարկվում։ 30-ամյա խորհրդային լծից ազատված պետությունը, որը դիմել է իր հարստությանը, մշակույթին ու արժեքներին, ուզում է կրկին այդ ծանր, անիմաստ ճնշման տակ դնել։ Կյանքի ու նավթի գինը քողարկում են։ Այն բանից հետո, երբ ստեղծվել է թյուրքական պետությունների կազմակերպությունը, նրա դեմ սադրանքներ են սկսվել», – Շեների խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։