Ղազախստանում իրավիճակը կայունացել Է ՀԱՊԿ խաղաղապահների շնորհիվ. Զաս
Ղազախստանում իրավիճակը կայունացել է ՀԱՊԿ խաղաղապահների, զինված ուժերի եւ հանրապետության իրավապահների համակարգված գործողությունների շնորհիվ: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ղազախստանում խաղաղապահ գործողության ավարտի արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ գործողության ընթացքում ձեռք է բերվել կազմակերպության անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի սերտ փոխգործակցության անգնահատելի փորձ՝ ահաբեկչությանը եւ պետության ներսում ապակառուցողական ուժերին հակազդելու գործում:
«Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողությունը դարձել է ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի առաջին իրական կիրառումը, որտեղ դուք ձեր պրոֆեսիոնալիզմով եւ համակարգված գործողություններով հստակ ցույց տվեցիք, որ մեր պետությունները պատրաստ են ցանկացած պայմաններում ուս ուսի միասնական մարտական դիրքում պաշտպանել անվտանգության ընդհանուր տարածքը: Ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժը բարձր արդյունավետ և իրապես գործող է։
Խաղաղապահների առջեւ պարզ եւ կարեւոր նպատակ էր դրված՝ աջակցել եղբայրական երկրին՝ անվտանգության, կայունության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովման գործում։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի միաձայն որոշմամբ ստեղծված կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերը պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները», - նշել է նա:
Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ գործողության ժամանակ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Ղազախստան են տեղափոխել ավելի քան 2 հազար խաղաղապահներ եւ 250 միավոր տեխնիկա:
Կազմակերպության գլխավոր քարտուղարն ասել է նաեւ, որ Ղազախստանում աչքի ընկած ՀԱՊԿ խաղաղապահները կպարգևատրվեն: