23.11.2024
Վերականգնվում են Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները
prev Նախորդ նորություն

ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ղազախստանում

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Լեհաստանի՝ ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Հայաստանը հնարավորինս կաջակցի ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։


Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում: Նախարար Միրզոյանը ներկայացրել է այս հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը՝ արտացոլված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հունվարի 6-ի հայտարարությունում:


ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ղազախստանի պաշտոնական դիմումի համաձայն՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև՝ ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի վրա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար:


Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի աջակցությունը համանախագահության ջանքերին՝ ուղղված հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հրատապ հումանիտար հարցերի լուծմանը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։