Արևմուտքի և ՌԴ քաղշրջանակները հակված չեն սրել «գաղափարական» կեղծ հակամարտությունը. ՀՀԿ-կան
Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա. ինչո՞ւ է Ռուսաստանի և Արևմուտքի համար այդքան դժվարացել, առաջիկա հանդիպումներում անվտանգության հարցերում պայմանավորվելը։ Միթե՞ Արևմուտքի քաղաքական լիդերներն իրականում գտնում են, որ Ռուսաստանն ամեն ինչում պետք է գնա կոմպրոմիսի և կատարի Արևմուտքի պահանջները։ Այս մասին գրում է ՀՀ Պաաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:
"Պրոպագանդիստները շարունակ պնդում են, որ ՌԴ-ն, ԽՍՀՄ փլուզման հետ միասին, կորցրել է իր նախկին ազդեցության իրավունքը։ Իսկ Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ մեկտեղ, կոնսոլիդացրել է հետխորհրդային տարածքը ազատության, մարդու իրավունքների, հռոմեական իրավունքի և տնտեսական զարգացման իդեալների շուրջ։ Եվ այս հանգամանքը՝ հօգուտ Ռուսաստանի չէ։
Դատելով քարոզչական-քաղաքական նարատիվներից, հավաքական Արևմուտքը գտնում է, որ ավելի ուժեղ է Ռուսաստանից և՛ տնտեսապես, և՜ ֆինանսապես, և՛ «քաղաքակրթությամբ», և՛ ուժային ցուցանիշներով։ Գուցե նաև վստահ է, որ տիրապետում է բոլոր այն գործիքակազմին, որոնցով կարող է «ստիպել» Ռուսաստանին, օրինակ՝ անջատելով նրան SWIFT համակարգից, և այլն։
Մյուս կողմից, Արևմուտքը չի կարող անտեսել վերջին շրջանի արագ փոփոխությունները։ Իսկ իրական կյանքում տեղի է ունենում Եվրասիական տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամրացում։ Այս ռազմա-քաղաքական միությունն, իհարկե իրեն պատշաճ չդրսևորեց Արցախյան 44-օրյա պատերազմում, որովհետև Նիկոլին դա պետք չէր։ Նիկոլի նպատակը պարտվելն ու հողերը հանձնելն էր, այդ պատճառով մինչ պատերազմը, ամեն ինչ արեց ՀԱՊԿ անդամների և հատկապես ՌԴ հետ հակասությունների համար։
Սակայն Բելոռուսի և Ղազախստանի հարցում, ՀԱՊԿ-ը գործեց բավականին օպերատիվ և Չինաստանի բանավոր աջակցության ֆոնի վրա, ցույց տվեց իր գործունակությունը։ ՀԱՊԿ-ը՝ ՌԴ համար ակտիվ գործոն է դարձել հատկապես Աֆղանստանից ՆԱՏՕ ուժերի դուրս գալուց հետո։ Եվ Նիկոլն իր իշխանության պահելու մեջ տեսնում է նաև ՀԱՊԿ-ին (երբ հայ ոստիկաններն ու ԱԱԾ ականներն այլևս չապահովեն կապիտուլյանտական ռեժիմի գոյությունը)։
Բնականաբար առաջիկայում միասնական ՀԱՊԿ-ը և անդամ պետությունները, հավաքական Արևմուտքի համար կդառնան նոր հակառակորդներ, իսկ նախկին տոլերանտ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին կհամեմատեն մյուս բռնապետերի հետ։ Գուցե կիրառվեն նաև նոր սանկցիաներ։ Բայց այս ամենն արտաքին տեսքն է, որը մենք կտեսնենք քարոզչական-պրոպագանդիստական ինֆորմացիոն տիրույթում։
Իրական քաղաքականության մեջ, վստահ եմ, որ Արևմուտքի և Ռուսաստանի իրական քաղաքական շրջանակներում հակված չեն սրել առանց այդ էլ անկառավարելի քաոսի վերածվող «գաղափարական» կեղծ հակամարտությունը։ Արևմուտքը ևս թուլանում է, և առաջիկայում բոլորին անհրաժեշտ է լինելու դիմակայել աճող համընդհանուր մարտահրավերներին։ Իսկ ընդհանուր մարտահրավերները պահանջում են ընդհանուր պատասխաններ",- գրել է Զաքարյանը Facebook-ի իր էջում։