25.11.2024
Ներկայացվել է Զբաղվածության պետական քաղաքականության ծրագրային մոդելը
prev Նախորդ նորություն

Պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարություն-պարզաբանմամբ.


"Ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ, հայտնում ենք, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից։

Ըստ այդմ՝ զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները, տվյալ դեպքում, կվճարվեն մինչև 2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը։

Միևնույն ժամանակ, իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՊՆ առանձին ստորաբաժանում, այս դեպքում՝ ռազմական ոստիկանությունը, պարգևավճար է ստացել",- ասված է հայտարարության մեջ։


Ավելի վաղ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել էր, որ ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողները դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Պատգամավորը խնդրի պարզաբանման համար դիմել էր ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանին: