Քոչարյանը ներկայացրել է Քի Ուեսթի սցենարի եւ այսօրվա իրողությունների տարբերությունը
Քի Ուեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ կմիանա միջանցքով, որը նույնպես կստանա նույն կարգավիճակը, ինչ Արցախը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով հարցին առմ այն, թե որն է իր ժամանակ առաջ քաշվող «Մեղրիի տարբերակի» եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տարբերակի տարբերությունը։
Նրա խոսքով՝ կարգավորման երկու տարբերակների միջեւ տարբերություններն ակնհայտ են։ Առաջին և գլխավոր տարբերությունն այս գործընթացում Թուրքիայի բացակայությունն է, որը ներկայումս խիստ ակտիվ է։ Բացի այդ, Քի Ուեսթի պայմանագրի նախագծով ենթադրվում էր, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ կմիանա այն միջանցքով, որն ունի նույն կարգավիճակը, ինչ և Արցախը։ Ավելին, միջանցքի լայնությունը յուրաքանչյուր կողմից 21 կմ է պետք է լիներ, տեղեկացրել է նա՝ նշելով, որ 21 կմ ընտրվել է «Գրադից» հարվածի հեռահարության հաշվարկով։ «Հիմա համեմատեք այսօրվա վիճակի, անորոշության և արդի Ղարաբաղում անվտանգության խնդիրների և կարգավիճակի հետ։ Տարբերությունը դա է», - նշել է նա։
Նախկին նախագահը նաեւ ընդգծել է, որ այն ժամանակ խոսքը վերաբերում էր Մեղրիի տարածքով սովորական ավտոմոբիլային ճանապարհի տրամադրմանը, երկաթուղային հաղորդակցության մասին խոսք չէր գնում: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն նույնիսկ նախագծել է այդ ճանապարհը, որը պետք է փոխարինվեր մի քանի թունելներով ու էստակադաներով, դրանք չեն հատվել Հայաստանի հաղորդակցության ուղիների հետ։
Քոչարյանը նշել է, որ փաստաթղթում արտացոլված դրույթները կյանքի կոչել չի հաջողվել, քանի որ Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվել է ստորագրումից: «Նա այն ժամանակ ասաց, որ գերագնահատել է հասարակության վրա ազդելու իր հնարավորությունները և չկարողացավ անգամ սեփական ընտանիքին համոզել», - նշեց նա։