Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը. օրակարգում քաղաքապետի հրաժարականն է
Մեկնարկել է Երեւանի ավագանու արտահերթ նիստը, որը նախաձեռնել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Օրակարգում մեկ հարց է՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և Երևանի քաղաքապետի պաշտոնում Հրաչյա Սարգսյանի առաջադրման մասին Երևանի ավագանու որոշման նախագիծը։
Ավագանու անդամները փակ քվեարկություն կանցկացնեն, որի շրջանակներում կողմ կամ դեմ կքվեարկեն առաջադրված թեկնածությանը: Երևանի քաղաքապետին անվստահության քվե է հայտնելու, եթե ավագանու անդամների մեծ մասը կողմ քվեարկի Սարգսյանի թեկնածությանը։
Մինչ նիստի մեկնարկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամներին տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանն ու Գայանե Վարդանյանը ավագանու անդամների մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է անցկացրել Մարությանին անվստահություն հայտնելու հարցով։ Այս նախաձեռնությանը կողմ են արտահայտվել նաև ԲՀԿ խմբակցության անդամները, իսկ «Լույս» խմբակցությունից կողմ է հանդես եկել միայն Անի Խաչատրյանը։
Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց հերթական նիստը՝ դա բացատրելով քաղաքական ճգնաժամի առկայությամբ։ Խմբակցությունը խոստացել է, ապահովելով Մարությանի հրաժարականը, հրավիրել եւս մեկ արտահերթ նիստ՝ քննարկելու այն հարցերը, որոնք պետք է քննարկվեին եւ ընդունվեին դեկտեմբերի 21-ին իշխող ուժի կողմից տապալված նիստի ընթացքում: Խոսքը Երևանի 2022 թվականի բյուջեի ընդունման, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծերի մասին է։
Վերջին ամիսների ընթացքում իշխանության հետ Մարությանի կոնֆլիկտի մասին լուրերը պարբերաբար հայտնվել են ԶԼՄ-ներում։ Այս գործընթացի գագաթնակետը դարձավ վերջերս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածը՝ «Հայկ Մարությանին հեղափոխությունից «շեղած» գեներալները» վերնագրով։ Թերթի խմբագրական հոդվածում, հղում անելով լուրերին, ասվում է, որ նախորդ տարվա պատերազմից հետո Մարությանը սկսել է ակտիվորեն հանդիպել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առանցքային ներկայացուցիչների հետ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Հայկ Մարությանի մամուլի քարտուղարը հոդվածն անվանել է «ապատեղեկատվություն»՝ նշելով, որ նրանք սովորաբար չեն արձագանքում «դեղին մամուլի» հրապարակումներին: Նա նաև հերքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Հայկ Մարությանի հանդիպման մասին լուրը։ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկությունը հերքեցին նաև երկրորդ նախագահի գրասենյակից։