24.11.2024
Մահացել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը
prev Նախորդ նորություն

Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների գլխավոր համաժողովը

ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքը դեկտեմբերի 21-ին գումարել է տարեվերջյան գլխավոր համաժողովը՝ տեսակապի միջոցով։ Այս տարի Դաշինքի նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի։


Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ անցնող տարվա ընթացքում, չնայած համավարակի հարուցած դժվարություններին, որպես նախագահող կողմ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փորձել է առավել սերտ շփում ապահովել Դաշինքի անդամ պետությունների միջև, հնարավորինս լուծել ծագած խնդիրները՝ դրանք չթողնելով հաջորդ տարի նախագահությունը ստանձնող կողմին. «Թե որքանո՞վ է դա հաջողվել, գնահատականը կտան Դաշինքի մեր գործընկերները»։


Ըստ աղբյուրի՝ Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել Դաշինքի, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար։


Նշվում է, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի և ԱՄԿ Մոսկվայի բյուրոյի տնօրեն Օլգա Կուլաևան կարևորել է տեսչական մարմինների գործունեությունը՝ աշխատանքային նորմերի պահպանման և աշխատատեղերում արդարության ապահովման տեսանկյունից․ «Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքը և պատրաստ ենք հնարավորինս աջակցել։ Աշխատանքի շուկան ահռելի փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում, այսօր էլ համավարակը նոր իրողություններ է ստեղծել։ Այս պայմաններում Տեսչական մարմիննները կարևոր դերակատարություն ունեն»։


«Համաժողովի ընթացքում՝


- ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անունից Հակոբ Ավագյանը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի ղեկավար Օլգա Կուլաևան ստորագրել են Համագործակցության Հռչակագիր,


- հաստատվել է Դաշինքի անդամ երկրներում աշխատանքային միգրանտների կողմից ներկայացվող բողոքների հարցում Տեսչական մարմինների փոխգործակցության միասնական կարգի մասին փոխըմբռնման հուշագիր,


- ներկայացվել է Դաշինքի 2021 թ-ի գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունը,


- քննարկվել է Դաշինքի Տարվա լավագույն տեսուչ անվանակարգի ներդրման մեխանիզմի հարցը,


- 2022 թ-ին Դաշինքի նախագահող երկիր է ընտրվել Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


ԱԱՏՄ-ից հայտնում են, որ ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը շնորհակալություն հայտնելով, նշել է, որ ջանքեր կգործադրեն՝ Հայաստանի գործունեության ակտիվությունը պահպանելու և արդյունավետ աշխատանքը շարունակելու համար։