25.11.2024
ՀՀ նախագահն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Արթուր Դավթյանը Եգիպտոսում քննարկել է անդրազգային հանցավորության դեմ պայքարի խնդիրները

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ, ով նաև ընտրվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի՝ ընթացող 9-րդ նստաշրջանի նախագահ:


Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:


Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության, այդ թվում՝ նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորություններին, կապված երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների զգալի աճի հետ՝ միմյանց երկրներում նրանց իրավական պաշտպանության մակարդակի բարձրացման հարցին, իրավական ոլորտի տարբեր ուղղություններով գործակցության ամուր իրավական հիմքեր ձևավորելու հեռանկարներին:


ՀՀ գլխավոր դատախազն արժևորել է ՄԱԿ հակակոռուպցիոն համաժողովի այս տարվա նստաշրջանը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու ուղղությամբ կատարված աշխատանքը: Ընդգծելով Վարչական վերահսկողության ծառայության դերը Եգիպտոսի իրավապահ համակարգում՝ Արթուր Դավթյանն առաջարկել է ՀՀ դատախազության և այդ կառույցի միջև համագործակցության նոր կամուրջներ ստեղծել:


Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար մարտահրավերները: Նա խոսել է ռազմական գործողություններում հայ խաղաղ բնակչության դեմ պետական մակարդակով ահաբեկչական խմբավորումների զինյալների ներգրավման փաստերի մասին՝ ակնկալելով տարածաշրջանում բույն դրած այդ չարիքի դեմ պայքարում բարեկամ երկրների աջակցությունն ու սերտ համագործակցությունը:


Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին իր համաձայնությունն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի բաձրացրած բոլոր մտահոգություններին և այդ շրջանակներում բոլոր ուղղություններով համագործակցության պատրաստակամություն հայտնել:


Մասնավորապես, նկատի ունենալով, որ առաջիկա տարվա ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նախագահությունն ստանձնում է Եգիպտոսը, և որ ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) ղեկավարում է Եգիպտոսը ներկայացնող Ղադա Վալին, նա առաջարկել է աջակցել միջազգային հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում ՀՀ նախաձեռնություններին:


Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահը հատուկ շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի՝ դարեր շարունակվող բարձր հեղինակությունն ու դերն իր երկրում: Նշելով, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը բարեկամ են Եգիպտոսի համար՝ նա փոխանցել է իրենց շահագրգռությունը՝ ակտիվացնելու Հայաստանի հետ երկկողմ կապերը բոլոր ոլորտներում: