Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանաֆոբիա տարածելով նպատակ ունի աշխարհին հրաժարեցնել Իրանի հետ հարաբերություններից»: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանում, Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկու հետ հանդիպման ժամանակ ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն, Ալի Լարիջանին ասել է. «Չպետք է թույլ տալ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների անհիմն մեղադրանքները միջազգային այս համաձայնագրի գործադրման ճանապարհին խոչընդոտ առաջացնեն»: «ԻԻՀ-ն մշտապես ձգտել է հակամարտությունների բանակցության ու երկխոսության միջոցով կարգավորմանը»,-հայտարարել է Լարիջանին, նշելով տարածաշրջանում ու աշխարհում կայունության ու անվտանգության հաստատման մեծ նշանակությունը: