Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը կպայթեցնի տարածաշրջանը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
Նրա խոսքով, այդ որոշումը տարածաշրջանը կրակի շթղայի մեջ կվերցնի: Էրդողանը նաեւ նշել է, որ այս հարցը հարցը Հռոմի Պապի եւ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի, հայտնում է թուրքական Milliyet-ը: «Հեյ, Թրամփ, այդ ի՞նչ ես ցանկանում անել։ Եթե ասում ես, թե դու ուժեղ ես ու ճիշտ, սխալվում ես»,-ասել է Էրդողանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հրահանգել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։
Հատկանշական է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը բողոքի ցույցեր է հրահրել Թուրքիայում, գրում է «Ենի Շաֆաք»-ը։ Այս որոշմանն արդեն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ այն անվանելով «անպատասխանատու»։
Ըստ պարբերականի՝ բողոքի ակցիաներ են անցկացվում Թուրքիայի խոշոր քաղաքներում։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ ակցիաներից մեկն էլ կազմակերպվել է Ստամբուլում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ։ Գործակալությունը նշում է, որ ընդհանուր առմամբ բողոքի ակցիան խաղաղ է անցկացվում՝ չնայած որոշ մասնակիցներ դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ տարբեր իրեր են նետում։
Աշխարհի բազմաթիվ երկրներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի Արեւելքում լարվածությունը։ Նրա քայլի հետ կապված մտահոգություն է հայտնել նաեւ Եվրամիությունը: