Պաղեստինը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել հասնել ԱՄՆ կողմից Երուսաղեմի որոշման չեղարկմանը
Պաղեստինը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արել հասնել Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման չեղարկմանը: Դեկտեմբերի 6-ին ՄԱԿ ԱԽ ուղարկված նամակում պաղեստինյան պատվիրակությունն ամերիկյան վարչակազմի այս քայլը որակել է «միակողմանի եւ սադրիչ», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Անվտանգության խորհրդին կոչ ենք անում այս ծայրահեղ կարեւոր խնդրով անհապաղ զբաղվել եւ արագ գործել իր պարտավորությունները կատարելու համար, ինչպես նաեւ իր բանաձեւերի անխախտելիությունն ու հեղինակությունը պաշտպանելու համար: Միջազգային հանրությունը պետք է հաստատի Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իր հստակ իրավական դիրքորոշումը, հաստատի այդ կարգավիճակի ցանկացած խախտման անընդունելիությունը՝ ում կողմից եւ երբ էլ լինի, ինչպես նաեւ պահանջի որոշման չեղարկում»,- գրել է Պաղեստինի գործերի հավատարմատար Ֆեդա Աբդել Հադի Նասերը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «հստակ ազդանշան ուղարկել», որ ԱԽ բանաձեւերը ուժի մեջ են մնում: Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ որոշումը «միայն կխրախուսի Իսրայելի հակաիրավական քաղաքականությունը: Նա նախազգուշացրել է, որ սա տարածաշրջանին սպառնում է լարվածության աճով եւ «հեռուն գնացող հետեւանքներով», ներառյալ «քաղաքական-տարածքային հակամարտության անվերջանալի կրոնական պատերազմի վերափոխմամբ», որից կօգտվեն ծայրահեղականները:
Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱԽ 8 անդամ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը եւ Ֆրանսիան, խնդրել են արտահերթ նիստ անցկացնել ամերիկյան կողմի որոշումը քննարկելու համար: