17.03.2026
Ցնցումները նավթի շուկայում պարտադրում են ամբողջ ուշադրությունը սևեռել դեպի ԶՈՒ. փորձագետ
19.03.2020
Ցնցումները նավթի շուկայում պարտադրում են ամբողջ ուշադրությունը սևեռել դեպի ԶՈՒ. փորձագետ

Համաշխարհային շուկայում ամենամեծ ցնցումների պետք է սպասել ապրիլի 1-ից հետո, երբ կավարտվի նավթի արդյունահանման կրճատման մասին OPEC+ համաձայնագրի ժամկետը։ Այս մասին Facebook-ի իր էջում էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը: «Արդյունքում նավթի գինը մեծ հավանականությամբ կարող է 20$-ից ցածր ընկնել։ Միաժամանակ, ֆոնդային շուկաների անկումը կկազմի մոտ 30-40%։ Այս ամենին նպաստում է նաև միջազգային ավիափոխադրումների կրճատումը շուրջ 70%-ով։ Գլոբալ տնտեսությունն արմատապես փոխակերպվում է, ինչը հանգեցնելու է լրջագույն աշխարհաքաղաքական վերադասավորումների»,- գրել է Դավթյանը: Անդրադառնալով տարածաշրջանի երկրներին, նա հիշեցնում է, որ ադրբեջանական տնտեսական կայունության հիմքում դրված է 1 բարել նավթի դիմաց 40 դոլարը գինը: Ըստ այդմ ակնհայտ է, որ ներկայումս առկա՝ հոգեբանական մինիմալ սահմանը հատած գինը (26 դոլար) ցնցումներ է առաջացնելու Ադրբեջանի սոցիալ-տնտեսական կյանքում: Դրա մասին արդեն շատ զգուշորեն սկսում են խոսել Ադրբեջանի կառավարության առանձին անդամներ: «Գնանկաման միտումը, որն, ամենայն հավանականությամբ, շարունակական բնույթ է կրելու՝ պահպանվելով մինչև ամառ-աշուն, կարող է ստիպել Բաքվին գնալ հերթական միլիտարիստական ավանտյուրայի: Այդպես եղավ նաև 2016-ի ձմռանը-գարնանը, երբ նավթի գինը 2003 թ.-ից ի վեր առաջին անգամ հասավ 27,5 դոլարի, մինչդեռ ընդամենը 1-1,5 տարի առաջ այն հասնում էր 107 դոլարի: Չեմ ուզում պնդել, որ հենց նավթային ճգնաժամը ստիպեց Բաքվին հրահրել«ապրիլյան պատերազմը», սակայն աներկբա է, որ նավթային գործոնը դրան նպաստող հանգամանքներից, թերևս, առանցքայիններից էր»,- գրել է նա՝ հորդորելով ամբողջ ուշադրությունը այս ընթացքում սևեռել դեպի Զինված ուժեր, որոնց անհրաժեշտ է բերել բարձր մարտական պատրաստվածության: VERELQ-ը հիշեցնում է, որ ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: