1.12.2024
Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը. «Սասնա ծռերն» ու ապրիլյան պատերազմը արագացրեցին զարգացումները
08.09.2016
Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը. «Սասնա ծռերն» ու ապրիլյան պատերազմը արագացրեցին զարգացումները

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը անակնկալ չէր և ոչ այն պատճառով, որ վերջին օրերին մամուլը այս հարցը բավականին ակտիվ քննարկեց, այլ որովհետև ինքն էլ հրաժարականի հավանականությունը տեսնում էր: Բայց, ասում է, Կառավարության հրաժարականը իր համար սպասելի էր փոքր-ինչ ուշ, սեպտեմբերի 21-ից հետո, ինչը հասարակության մոտ նոր սպասումներ, նոր ակնկալիքներ պետք է առաջացներ: VERELQ-ի հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ դեպքերի նման զարգացումը վկայում է, որ համակարգը իսկապես վատ վիճակում է: «Կառավարման համակարգին՝ ապրիլյան պատերազմից, «Սասնա ծռերի» գործողություններից հետո առկա հասարակական դժգոհության մեծ ալիքի պայմաններում անհրաժեշտ էր կեղծ սպասումներ փորձել առաջացնել հասարակության մոտ ու մի կերպ ձգել մինչև խորհրդարանական ընտրություններ՝ փորձելով ապահովել իշխանության վերարտադրությունը: Հարկավոր էին լուրջ քայլեր, որպեսզի առկա բացերը փորձ արվեր քողարկել, դրանք այդքան ակնհայտ չերևան, և կառավարության հրաժարականը այդ տրամաբանությամբ եղավ»,- տեսակետ հայտնեց «Ժառանգության» փոխնախագահը: Մարտիրոսյանը հրաժարականը կոնկրետ անձով է պայմանավորում, բայց ոչ Հովիկ Աբրահամյանի, այլ հավանական հետնորդի՝ Կարեն Կարապետյանի: Ըստ մամուլի՝ հենց նա է ՀՀ հաջորդ վարչապետը լինելու և ամենևին ոչ պատահական, այլ հակառուսական տրամադրությունները մեղմելու նպատակով: Արմեն Մարտիրոսյանը մատնանշեց, որ այդ տրամադրությունները հայ հասարակության շրջանում սրվեցին ապրիլյան պատերազմի օրերին, երբ Ռուսաստանին սկսեցին քննադատել Ադրբեջանին զենք վաճառելու համար, և Կարապետյանի նշանակումը հենց նման տրամադրությունները մեղմելու, իրավիճակը վերահսկելի դարձնելու համար է: Այսպիսով, վարչապետի հավանական թեկնածուն երկու խնդիր է լուծելու՝ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական: Ըստ Մարտիրոսյանի՝ նրա պաշտոնավարումը նվազագույնը մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, առավելագույնը՝ 2018 թվական, երբ, ըստ նոր Սահմանադրության, երկիրը նոր նախագահ կունենա: «Որպեսզի Հայաստանում վերահսկելիությունը մեծանա՝ ՌԴ-ն նշանակում է Կարեն Կարապետյանին»,- ընդգծեց նա: Բայց իրավիճակային փոփոխություն, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում կուսակցության փոխնախագահը չի ակնկալում. «Կարեն Կարապետյանը բավականին խելացի, բանիմաց ու գրագետ անձնավորություն է, բայց կարծում եմ, որ գրագետ PR քայլերից այն կողմ ոչինչ չի փոխվելու: Համակարգը ինքը պետք է փոխվի, որպեսզի դրանում ընդգրկված անձերը կարողանան ինչ-որ փոփոխություն անել»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը: ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը վստահ է՝ նոր մոտեցումներ ու որակ է անհրաժեշտ, հատկապես ապրիլյան ու հուլիսյան դեպքերից հետո: Վարդանյանը նույնիսկ չի էլ կասկածում, որ վարչապետի պաշտոնում կնշանակվի Կարեն Կարապետյանը, ում ճանաչում է իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և դրանք լուծելու ունակությամբ օժտված գործչի: «Ես հույս ունեմ, որ նա կկարողանա կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել»,-հայտարարեց Վարդանյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ևս կարծում է, որ հրաժարականի հիմքում այդ թվում նաև «Սասնա ծռերի» գործողություններն են, որոնք առաջ քաշեցին հասարակության մեջ առկա բևեռացումը, հակասական երևույթները. «Իմ կարծիքով ՊՊԾ գնդի գրավումը և դրան հաջորդած զարգացումները արագացրեցին այս ամենը: Եթե չլիներ դա, ապա նախագահի հայտարարած ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը գայինք գուցե 3- 4 տարի հետո: Բայց հուլիսյան դեպքերը ի հայտ բերեցին այն, որ հասարակության մեջ կուտակվել են երևույթներ, որոնք ազգային համաձայնության խնդիր ունեն»,- նշեց ԱԺ պատգամավորը: Հակոբ Հակոբյանը նաև անդրադարձավ Կարեն Կարապետյանի հնարավոր նշանակմանը՝ նշելով, որ չի ցանկանում իր գնահատականը հնչեցնել, բայց հասարակության գնահատականը դրական է. անձամբ է հարցուփորձ արել: