24.12.2024
Գազի թանկացումը կարագացնի մեր տնտեսության խորացող ճգնաժամը. տնտեսագետ
14.01.2022
Գազի թանկացումը կարագացնի մեր տնտեսության խորացող ճգնաժամը. տնտեսագետ

Նոր՝ գաղտնի համաձայնագիր է կնքվել․ ապրիլի 1-ից բնական գազի սակագինը կբարձրանա: Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:"12․01․2021 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումը, ըստ որի՝ հիմք ընդունելով՝ 29.10.2021 թ. լրացուցիչ համաձայնագիրը՝ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Այսինքն՝ 2 ամիս առաջ հանրությունից, քաղաքական և մասնագիտական շրջանակներից գաղտնի կնքվել է հերթական գազային համաձայնագիրը, ըստ որի՝ 2022 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը սահմանի վրա և երկրի ներսում բարձրանալու է։Բնական գազի սակագնի հաշվարկման նոր մեթոդաբանությունը բավականին բարդ է և կապվում է գազի ջերմատվության փաստացի ցուցանիշների հետ։Վերջերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախորդ տարի բնական գազի ջերմատվությունը կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500)։ Հիմք ընդունելով նախորդ տարվա նվազագույն՝ 8300 Կկալ ջերմատվության ցուցանիշը՝ առաջարկվող հայտը ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից հաստատվելու դեպքում 2022 թվականի ապրիլի 1-ից կունենանք հետևյալ սակագները՝• Սահմանի վրա ռուսական գազի գինը կլինի 173,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ ներկրվող գազի գինը կավելանա 8,3 ԱՄՆ դոլարով կամ 5 տոկոսով,• Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամով, այսինքն՝ կավելանա 33,1 տոկոսով կամ 33.1 ՀՀ դրամով, • Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,• Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,• Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ բնակիչների համար) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամ, այսինքն՝ կնվազի 4,2 տոկոսով կամ 5.9 ՀՀ դրամով,• Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երի և մյուս խոշոր սպառողների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կկազմի 277,3 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ կավելանա 8,3 տոկոսով կամ 21.39 ԱՄՆ դոլարով։ Այսպիսով՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը պետք է արձանագրել՝1․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձախողված գազային բանակցությունների արդյունքում՝ միջինում 4,7 դրամով թանկացավ էլեկտրաէներգիան (միայն 31,79 մլն ԱՄՆ դոլար «Գազպրոմ Արմենիա»-ի Հրազդանի էներգոբլոկի համար), իսկ ջերմատվության գործակցի ներդրման հետևանքով սահմանի վրա նվազագույնը 5 տոկոսով կթանկանա ռուսական գազը (8,3*220000=18,2մլն ԱՄՆ դոլար)։ Հանրագումարում տարեկան մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ուղղակի ծախս կդրվի մեր տնտեսության և ազգաբնակչության վրա։ Ըստ էության՝ սահմանի վրա 1000 խմ գազի գինը տարբեր խորամանկ մեխանիզմներով փաստացի բարձրացել է 22,7 ԱՄՆ դոլարով ((50մլն ԱՄՆ/2,2 մլրդ խմ)*1000),2․ 2022 թվականի ապրիլի 1-ից վերացվելու են սոցիալապես խոցելի ընտանիքիներին, ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ընկերությունների տրամադրվող արտոնությունները, և նրանց համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը։ Հետևաբար, շարունակելու է սննդամթերքի գնաճը՝ խորացող աղքատության պայմաններում,3․ Բնակչության կամ ամսական մինչև 10000 խմ սպառողների համար 4,2 դրամով կնվազի գազի սակագինը։ Այս չնչին նվազեցումը գործող իշխանությունները, իրենց պոպուլիզմի համաձայն, կներկայացնեն որպես «աննախադեպ» ձեռքբերում՝ փորձելով խուսափել քաղաքական պատասխանատվությունից։ Նման իրավիճակ եղել է նաև նախկինում, երբ 2019 թվականին սահմանի վրա 10 տոկոսով թանկացավ գազը, իսկ թանկացման բեռը դրվեց միայն բիզնեսի վրա՝ խուսափելով հանրային ուղղակի դժգոհությունից։ Հետագայում, թանկացած ապրանքների համար նույն քաղաքացին վճարեց,4․ Խոշոր՝ ամսական 10000 և ավելի սպառում ունեցող սպառողների՝ ըստ էության բիզնեսի համար զգալի ավելանալու է գազի սակագինը։ Թանկացած էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը բիզնեսը դնելու է ապրանքների գների վրա կամ դրանք փակելու է շահույթի հաշվին, այսինքն՝ տեղական արտադրությունը կշարունակի կորցնել իր մրցունակությունը և դուրս կմղվի ոչ միայն արտահանման, այլ նաև Հայաստանի շուկայից։Հուսամ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կփորձի մասնագետների հետ քննարկել և գտնել բնական գազի սակագնի իջեցման հնարավորություններ, ինչը թույլ կտա նվազեցնել մեր տնտեսության խորացող ճգնաժամը։ Գազի թանկացումը շղթայական թանկացումների նոր ռեակցիա է առաջացնելու",- գրել է տնտեսագետը։