24.12.2024
Բաքուն նույնիսկ լուրջ չի ընդունում Հայաստանի ներկայիս իշխանությունների առաջարկները. կարծիք
01.02.2022
Բաքուն նույնիսկ լուրջ չի ընդունում Հայաստանի ներկայիս իշխանությունների առաջարկները. կարծիք

Հայաստանի իշխող վերնախավը չի պատկերացնում զորքերի հայելային հեռացման հնարավոր հետեւանքները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։ «Եթե Հայաստանի կառավարությունում հասկանային, թե ինչ են նշանակում տարածքային ամբողջականություն, պետական սահման, սահմանամերձ բնակավայրեր, ինչպես նաեւ պատասխանատվություն քաղաքացիների անվտանգության համար, նման հիմար գաղափարներ նրանք չէին առաջ քաշի», - հայտարարել է Զաքարյանը: Նա զորքերի հայելային հետ քաշման գաղափարը համարել է լղոզված հայտարարություն, որը կարող է ենթադրել զորքերի կիլոմետրանոց հեռացում՝ առանց հաշվի առնելու ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ «Նրանք արդեն օկուպացրել են մեր տարածքը, դա արվել է բաց ռազմական ագրեսիայի միջոցով ... Եւ ի՞նչ: Մոռանանք այդ մասին և սկսենք զորքերի հայելային հեռացումը, սահմանագծումն ու սահմանազատումը։ Իրականում դա (զորքերի հայելային հեռացումը) շատ բարդ գործընթաց է, նրանք պատկերացում էլ չունեն, թե ինչ սկզբունքով պետք է իրականացվի, որտեղից, ինչպես եւ ինչ հաջորդականությամբ», – հայտարարել Է հանրապետականը։ Զաքարյանը նշեց, որ զորքերի հետքաշման արդյունքը կարող է լինել ռազմավարական կարևոր ռեսուրսների կորուստը: Արդյունքում՝ սահմանամերձ գյուղերի բնակչության մի մասը կարող է զրկվել ջրից, մյուս մասը՝ արոտավայրերից կամ կյանքի համար կարևոր այլ ռեսուրսներից ու իրավունքներից։ «Նրանք գոնե հասկանում են, թե ինչի մասին են խոսում։ Ոչ, չեն հասկանում։ Կարծում եմ ՝ նույնիսկ Ադրբեջանը նրանց ինչ - որ առաջարկներ լուրջ չի ընդունում», - եզրափակեց նա։