Բաքուն պնդում է, որ վերադարձվեն Հայաստանի վերահսկողության տակ գտնվող գյուղերը՝ չվերադարձնելով հայկական տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին Օրագիր հաղորդաշարի եթերում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Խոսքը Տավուշի մարզի յոթ գյուղերի եւ Արարատի մարզի Տիգրանաշենի ադրբեջանական կողմին հանձնման մասին է։ «Եթե դիտարկենք խորհրդային շրջանի իրավիճակը, ապա ակնհայտ է դառնում, որ Խորհրդային Հայաստանի որոշակի տարածքներ ինչ-որ պահի անցել են Խորհրդային Ադրբեջանի վերահսկողության տակ և հակառակը։ Ընդհանուր առմամբ, այս տարածքների մակերեսը մոտավորապես հավասար է։ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել Հայաստանի այն տարածքները, որոնք անցել են իր վերահսկողության տակ, այլ ցանկանում է ստանալ սեփական տարածքները»,- ասաց նա։ Միքայելյանը նշեց, որ այդ տարածքների հանձնումն ադրբեջանական կողմին կարող է բացասաբար անդրադառնալ անվտանգության վրա։ «Մեր պաշտպանության գիծը կառուցված է դե ֆակտո գոյություն ունեցող սահմանագծի վրա։ Թեկուզ մեկ հատված տեղափոխելը զգալի վնաս կհասցնի մեր պաշտպանունակությանը»,- ասաց նա՝ նշելով, որ դրա մասին է վկայում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումը Սյունիքում։ Սահմանի կոնֆիգուրացիայի փոփոխության դեպքում նման հզոր պաշտպանության գիծ նորովի կառուցելը գործնականում անհնար կլինի։ Բացի այդ, շարունակեց փորձագետը, Բաքուն պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի այս փաստը համարվի Արցախի վերջնական հանձնում և այնտեղ սկսվի այսպես կոչված «ոստիկանական օպերացիան», որի արդյունքը կլինի հայերն իրենց հողերից վերջնական վտարումը։