24.12.2024
Մամուլ. Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ
30.11.2021
Մամուլ. Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դավիթ Տոնոյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասով դատաքննության ժամանակ դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տոնոյանի կալանքի ժամկետը լրանում էր նոյեմբերի 29-ին, եւ դատարանն այդ օրը պետք է քններ եւ որոշեր՝ ԱԱԾ-ի միջնորդած կալանքը երկու ամսով երկարաձգում է, թե ազատ է արձակում: Դատարանը, սակայն, կասկածելի կերպով Տոնոյանի կալանքի հարցը քննեց նոյեմբերի 24-ին, որից հետո՝ 25-ին, եւ շարունակեց 26-ին, ապա գնաց որոշում կայացնելու: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տոնոյանի հարազատները 26-ին սպասել են որոշման, սակայն որոշումը այդպես էլ չի կայացվել: Դատական համակարգից լուրեր են հասցրել հարազատներին, որ Տոնոյանի կալանքի երկարացման հարցը պարզ կլինի վարչապետի՝ Սոչի այցի ավարտից հետո: Արդյունքում վարչապետի՝ Հայաստան վերադառնալուց հետո՝ նոյեմբերի 27-ին, զարմանալի զուգադիպությամբ դատարանը վճռեց Դավիթ Տոոյանին եւս երկու ամիս թողնել կալանքի տակ: Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»: «Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստը կգումարի` կրկին հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցով։ Այս անգամ եւս, ինչպես նախորդ 13 անգամները, ընդդիմությունը կներկայացնի Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Օրակարգում այլ հարցեր էլ կան, օրինակ՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ինչ-որ համաձայնագիր վավերացնելու մասին հարցը, նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը, որը զեկուցելու է Անահիտ Ավանեսյանը։ Արթուր Ղազինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կմասնակցի նիստին, բայց ոչ իր հարցի քննարկմանը։ Ամենայն հավանականությամբ, իր հարցի ժամանակ դահլիճում չի լինի։ Ի դեպ, այս անգամ «Հայաստան» խմբակցությունն իր գրության մեջ ամրագրել է, որ թեկնածուն մնում է անփոփոխ, մինչեւ հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնի։ Դրան միացել է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը»: «Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս առաջ պատգամավորների 1/4-ի պահանջով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Սակայն հանձնաժողովի կազմը չէր հաստատվում, եւ նիստեր չէին հրավիրվում։ Երեկ ԱԺ խոսնակը հաստատել է կազմը։ Հանձնաժողովը կնախագահի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Կազմում են ՔՊ-ականներ Գեւորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սերգեյ Բագրատյանը, «Հայաստան»-ից՝ Էլինար Վարդանյանը, Թադեւոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք․ խոսքը պատերազմի օրերին հավաքագրված 52 միլիարդից ավելիի մասին է, որը փոխանցվել է կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննադատություններ հնչեցրին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջեց, որ ծախսերի հստակ եւ թափանցիկ հաշվետվություն ներկայացվի, սակայն ձայն բարբառո հանապատի»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Իր վերջին «ասուլիսի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե չի կարծում, որ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Արտաքուստ առանձնապես սենսացիա կամ նորություն չպարունակող այս հայտարարությունն իրականում, ինչպես ասում են, «հենց այնպես» չի արվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը նման դիտարկում կատարել է հատուկ և ընդգծված, քանի որ իրականում այս առիթով խորքային քննարկումներ են տեղի ունեցել։ Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները որոշակի մեսիջներ են ստացել ռուսական կողմից այն առումով, որ Մոսկվայում բավականին մտահոգություններ ունեն՝ կապված Հայաստանում վերջին շրջանում վերստին ահագնացած հակառուսական ու հակահապկական արշավի հետ: Ընդ որում, խոսքը ոչ միայն, այսպես կոչված, սորոսականների ու այլ արևմտամոլների մասին է, այլև իշխանության որոշ շրջանակների: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ում վստահ են, որ նման տրամադրությունները գեներացվում կամ խրախուսվում են հենց իշխանության ամենաբարձր էշելոնների կողմից, ու ոչ մեկ նպատակով: Մոսկվայում կասկածներ ունեն, որ իրենք այս դեպքում գործ ունեն ոչ միայն պրիմիտիվ «շանտաժի», այլև հստակ կողմնորոշման հետ: Այդ իսկ պատճառով Փաշինյանը ստիպված է եղել հատուկ շեշտել վերոնշյալ միտքը»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների` Սոչիում կայացած հանդիպումից հետո՝ լրատվամիջոցների համար ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, երեք երկրների առաջնորդների հնչեցրած մտքերը ցույց են տալիս, որ Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից: Այս տեսակետին է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հիշեցրեց, թե հայկական կողմը մայիսի 12-ին` Սեւ լճի տարածք ադրբեջանական զորքեր մուտք գործելուց հետո ինչպես էր հայտարարում, որ սահամանագծման ու սահմանազատման գործընթացների մենարկը չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս չեն բերվել: «Նույնը նաեւ ապաշրջափակման գործընթացի հետ կապված են ասել: Բայց դատելով Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարության հայտարարություններից, ինչպես նաեւ Աշխաբադում տեղի ունեցած հանդիպումից, ինչի ժամանակ խոսվել է, որ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում՝ եռակողմ հայտարարության դրույթները տարակուսելի են թվում։ Բացի այդ, մի կողմից վարչապետ Փաշինյանը նշում է, թե Ադրբեջանի հետ որոշ հարցերում, թվում էր, տարակարծություններ կային, բայց պարզել են` դրանք չկան, մյուս կողմից՝ հանդիպումից հետո միջանքի մասին տեքստեր են հնչեցվում Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ու այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու է հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում նույն հռետորաբանությունը»,- մեկնաբանում է նախկին պատգամավորը: Հարցին` հնարավոր է արդյոք, որ եռակողմ հանդիպման ժամանակ բանավոր պայմանավորվածություններ եղած լինեն, ինչի մասին հանրությունը որոշ ժամանակ անց անակնկալ կերպով կտեղեկանա, Հայրապետյանը ոչինչ չբացառեց։ «Կհիշեք՝ նույն Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ կապված պայմանավորվածությունը գաղտնի էր պահվում, ու երկար ժամանակ ոչ ոք տեղյակ չէր դրանից, այդ թվում՝ մենք` պատգամավորներս։ Այսինքն՝ բազմաթիվ են գործողությունները, որոնց մասին իմանում ենք պոստֆակտում»,- հավելեց նա»: «Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 26-27-ը Եվրոպայից Հայաստան մի շարք չվերթներ չեղարկվել են: Մարդիկ պարզապես ճամպրուկներով հայտնվել են անելանելի իրավիճակում: Նրանց ներքին կարգով ասվել է, թե Հայաստանն այդ օրերին խուսափում է չվերթներ ընդունելուց` կապված Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ: Թե ինչ կապ ունի Եվրոպայի հայերի Հայաստան ժամանումը եռակողմ հանդիպման հետ, պարզաբանել են, թե հայաստանյան իշխանությունները մտավախություն ունեն, որ հանդիպման արդյունքներից հետո` Երեւանում բողոքի մեծ ալիք կբարձրանա, ինչին մասնակցելու համար կժամանեն նաեւ մեծ թվով սփյուռքահայեր: Հենց այս սցենարը խափանելու համար էլ խափանել էին նախատեսված չվերթները»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս գործով առաջին զոհը ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանն է: Արդյունքում դատական համակարգում ներքին քննարկում է եղել, որ գործը փլվելու է դատարանում, քանի որ չեն կարող օրենքով Հարությունյանից խլել նրան պատկանող գույքը: Ավելին, դատական համակարգում եկել են այն համոզման, որ այս գործով իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասով: Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ նախկին գնդապետ է, որը պաշոնանկ եղավ այն բանից հետո, երբ Պապիկյանի դատվածության մասին տեղեկությունը սպրդեց մամուլ: Այսինքն՝ պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել էր իր դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար, սակայն այդպես էլ ոչինչ չկարողացան ապացուցել: Սերոբ Հարությունյանն արդարացվեց, քանի որ չհիմնավորվեց կասկածը, որ նա էր Պապիկյանի մասով ինֆորմացիան մամուլին պատմել: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լեւոն Գրիգորյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել էին Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որեւէ մեկի գույքին չեն կպչելու»: «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը Թալինում որոշել է բոլոր զենքերը գործի դնել ՔՊ-ի թեկնածու՝ Թալինի քաղաքապետի ԺՊ Տավրոս Սափեյանի հաղթանակի համար։ Դրա համար անգամ վերջերս նշանակված մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն է իր հաշվին եռօրյա արձակուրդ վերցրել, որ Տավրոսի քարոզչությամբ ինտենսիվ զբաղվի։ Թեեւ մինչեւ արձակուրդն էլ նա քողարկված քարոզչություն էր անում իր մտերիմ Սափեյանների ներկայացուցչի համար։ Շաբաթ օրը, օրինակ, այցելել է Մաստարայի միջնակարգ դպրոց եւ այնտեղ թեկնածուի գովքն է արել։ Տավրոս Սափեյանին, հիշեցնենք, «համայնքը դեմ է», թալինցիները չեն ուզում, որ աշնակցի երիտասարդն իրենց կառավարի, իսկ Սափեյանն էլ թեպետ օգոստոսից ԺՊ է, սակայն չի կարողանում նորմալ շփվել բնակիչների հետ, հարաբերություններ կառուցել։ Ինչո՞ւ․ հետաքրքրվեցինք մի թալինցուց։ «Խոսել չգիտի»,- կատակեց մեր աղբյուրը եւ ավելացրեց, որ նորանշանակ մարզպետն էլ է հասկանում, որ թեկնածուի ամեն ելույթը գլխացավանքի առիթ է դառնալու, ուստի ընտրողներին ներկայացնելով իրենց թեկնածուին՝ նրա փոխարեն ինքն է խոսում եւ վերջում ավելացնում․ «Մեր թեկնածուն խոսել չի սիրում․ գործի մարդ ա»։   «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կազմակերպվում են ցուցակների առաջին համարների մասնակցությամբ հեռուստաբանավեճեր: Մասնավորաբար, Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ նման մի բանավեճ օրերս տեղի է ունեցել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, բանավեճը բավական լայն արձագանք է ստացել, Վանաձորում հատկապես բուռն քննարկման առիթ է դարձել այն հանգամանքը, որ սուր հակադրության մեջ են մտել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը գլխավորում է իր անունը կրող ցուցակը, և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը: Լոռու մարզպետը Ասլանյանին մեղադրել է վատ աշխատանքի մեջ, իսկ վերջինս իր հերթին Խաչատրյանին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով մեծ թվով ղեկավար պաշտոն զբաղեցնողների աշխատանքից ազատելու մեջ: Մամիկոն Ասլանյանը եթերում նույնիսկ թվարկել է անուններ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն այս բանավեճից, այլև բակային հանդիպումներից հետո Արամ Խաչատրյանի հաղթելու շանսերը էլ ավելի են փոքրացել: Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, բավականին բարձրացել է «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահե Դոխոյանի վարկանիշը, որն, ի դեպ, ըստ վանաձորցիների, նշյալ հեռուստաբանավեճի ժամանակ էականորեն տարբերվել է իր հավասարակշռված պահվածքով, տրամաբանված խոսքով: Վանաձորում նաև խոսում են, որ բանավեճի ժամանակ բավական լավ տպավորություն է թողել նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Անդրանիկ Ղուկասյանը: Հավելենք, որ գրանցված տասը ուժերից բանավեճին մասնակցել են վեցի ներկայացուցիչները»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, դեկտեմբերի 5-ին սպասվող Արթիկ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավն այնքան էլ հարթ ընթացք չունի, ավելին՝ ինչքան մոտենում է ընտրության օրը, նախընտրական լարվածությունն աստիճանաբար մեծանում է: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անում են ընդդիմադիր թեկնածուների իրավունքները սահմանափակելու համար և ամեն կերպ խոչընդոտում են նորմալ քարոզարշավի իրականացմանը։ Մասնավորաբար, օրերս Արթիկ խոշորացված համայնքի մեջ մտնող Պեմզաշեն համայնքում ՀՅԴ թեկնածու Հակոբ Մաթիլյանի կողմից պատվիրված քարոզչական պաստառները գովազդային ընկերության կողմից փակցնելու գործընթացն անձամբ խոչընդոտել է այդ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, որը Արթիկի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարն է, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա նշել է, թե «իմ գյուղում, բացի իմ պաստառից, այլ թեկնածուի պաստառ չի փակցվելու»։ Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, Մաթիլյանի թիմից տվյալ պահին ոչ ոք չի եղել դեպքի վայրում, իսկ պաստառներն այդպես էլ չեն փակցվել։ Մենք զանգահարեցինք Հակոբ Մաթիլյանին, ով հաստատեց, որ Պեմզաշեն համայնքում իսկապես նման դեպք է տեղի ունեցել: Մեր այն հարցին, թե արդյոք դիմե՞լ են իրավապահ մարմիններին, Մաթիլյանը նշեց, որ այդ մասին ինքը հայտարարել է հեռուստատեսությամբ՝ քարոզարշավի շրջանակներում իրեն հասանելիք եթերաժամին: Ըստ թեկնածուի, իր հրապարակային հայտարարությունը պետք է որ պատկան մարմինները դիտարկեին որպես հաղորդում քարոզարշավը խոչընդոտելու մասին, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չկա»: «Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ․ այս մասին մեզ ահազանգեցին Վարդենիսի բնակիչները։ Նրանք լուսանկարել են այն տարածքը, որտեղ հերթ է գոյացել՝ Մշակույթի տան հետնամասը։ Հիշեցնենք, որ հենց օգնություն բաժանելու համար է մեղադրանք առաջադրվել Գորիսի համայնքապետին, եւ նա մոտ 5 ամիս է՝ կալանավորված է։ Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը մեզ ասաց, որ չգիտի, թե ինչ օգնության մասին է խոսքը․ «Ես այս օրերին անընդհատ գյուղերում եմ, քարոզարշավի, քաղաքապետարանում շատ քիչ եմ լինում, զանգեք իմ խորհրդականին»։ Քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ստեփանյանն էլ չհերքեց, որ օգնություն են բաժանում․ «Սնունդ ու հիգիենիկ պարագաներ ենք բաժանում, բայց մենակ արցախցիներին»։ Իսկ մեր աղբյուրը պնդում է, որ Արցախից տեղահանվածներն ընդամենը «ատմազկա» են։ «Ատմազկի համար տենց են ասում՝ որ տեղահանված արցախցիներին են տալիս, բայց իրանց ընտրողները բոլորն էլ ստանում են, սովորական ընտրողներին էլ են տալիս։ Սա առաջին դեպքն ա, որ քաղաքապետարանն օգնություն ա բաժանում արցախցիներին։ Բա եթե արցախցիների համար ա մենակ, մինչեւ հիմա ինչո՞ւ չէին անում»։ Վարդենիսում ՏԻՄ ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 5-ին»: «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է գումարվելու, որի օրակարգում 16 հարց է։ Օրակարգի 13-րդ հարցով առաջարկվում է Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։ Սա այս տարվա հուլիսին քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման շարունակությունն է, այն ժամանակ ճարտարապետության եւ քաղաքաշինության բլոկի աշխատակիցների աշխատավարձերը չէին բարձրացրել, քանի որ իրավական ինչ-որ խնդիրներ կային։ Պարբերաբար աշխատավարձեր բարձրացնող եւ պարգեւավճարներ հատկացնող քաղաքապետարանն այդ մասին չի մոռացել, եւ նոյեմբերի 30-ի նիստում քննարկվելու է նաեւ նրանց աշխատավարձի հարցը։ Այսպիսով, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի աշխատավարձը 346 հազար դրամից կդառնա 697 հազար դրամ, վարչության պետի տեղակալինը՝ 322-ից՝ 561 հազար դրամ, գլխավոր մասնագետի աշխատավարձը եւս շեշտակի կբարձրանա՝ 225 հազար դրամից դառնալով 323 հազար, իսկ գործավարինը՝ 164- ից՝ 248 հազար դրամ։ Այսքանով, սակայն, քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը չի ավարտվում․ ավելանալու են նաեւ այս վարչության բաժինների աշխատակիցների աշխատավարձերը։ Օրինակ՝ Քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման տարածքային առաջին բաժնի պետի աշխատավարձը 291 հազար դրամ էր, այս օրինագծով առաջարկում են դարձնել 408 հազար, գլխավոր մասնագետինը՝ 225-ից՝ 289 հազար, առաջատար մասնագետինը՝ 219-ից՝ 282 հազար դրամ եւ այլն։ Ինժեներական ենթակառուցվածքների բաժնում եւս բարձրացումներ կան․ բաժնի պետի աշխատավարձը 291 հազար է, առաջարկում են բարձրացնել 117 հազար դրամով, այսինքն՝ դարձնել 408 հազար դրամ։ Հողօգտագործման եւ հողհատկացման տարածքային առաջին եւ երկրորդ բաժնում, Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնում եւս բարձրացումներ կլինեն։ Հիշեցնենք․ համաձայն այդ նախագծի՝ քաղաքապետարանի 2 հազարից ավելի աշխատակցի աշխատավարձերը ամռանը բարձրացան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստանում է ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետը․ նրա աշխատավարձն աճել է գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ՝ վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 200 հազար դրամ է։ Այս օրինագիծն անցկացնելու փորձը, հանրային ընդվզման պատճառով, 2 տարի առաջ տապալվեց։ Բայց իշխանությունը հետեւողականորեն գնաց աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով։ Նախագծի հիմնավորումն էլ այն էր, թե վերջին տարիների գնաճի հետ իրենց ստացածը համահունչ չէ։ Կարելի է կարծել, թե միայն իրենց վրա է անդրադառնում գնաճը։ Ի դեպ, նախագիծը ներկայացվել էր «Իմ քայլի» ավագանու «Առաքելություն» կուսակցության անդամ Լեւոն Սարգսյանի եւ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի կողմից»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել, բայց շատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 20 հազար 50 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2018-ին (2019-ին էլ այն կազմել է 20 հազար 500) այն կազմել է 22 հազար 100 հա. անցած տարի գյուղացին 1600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2016 թվականից, երբ ցանքատարածությունները կազմել են 28 հազար 900 հա։ Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել է նվազել կարտոֆիլի բերքատվության չափը: Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 437 հազար 200 տոննա, ապա 2016-ին հավաքվել է 606 հազար 300 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին` 547 հազար 400 տոննա կարտոֆիլ: Թեեւ 2020-ին, 2019-ի համեմատ, կարտոֆիլի բերքատվությունը 33 հազար 100 տոննայով ավելացել է, բայց, միեւնույնն է, մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ քիչ զբաղվել»: