VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։ ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հունվարի 4-ին Հայաստանի՝ Ադրբեջանին ուղարկված խաղաղության պայմանագրի առաջարկների հերթական փաթեթում, ի թիվս այլ տեխնիկական առաջարկների, ներառված է դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը։ Հայկական կողմի համար ընդունելի են 1974-78 թթ․ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ հունվարի 10-ին Ալիեւը հայտարարեց, որ այդ քարտեզներն իրենց համար ընդունելի չեն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ ձեւավորված «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիրներ՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի եւ քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանի միջով սեւ կատու է անցել: Մեր տեղեկություններով՝ վերջերս նրանք կոշտ զրույց են ունեցել, Արշակ Կարապետյանը նրան փոխանցել է, որ հրաժարվում է նրա հետ համագործակցությունից։ Ըստ մեր աղբյուրի՝ պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանին իբր հասցրել են, թե Գեւորգյանն իր մասին «պատերի տակ բամբասում է» եւ այլն։ Հայաստանում վերջին 10 տարիներին գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումների մասնակից Գեւորգ Գեւորգյանն անակնկալի եկավ մեր հարցից։ «Ես սենց հրապարակային բաներ հիմա չեմ խոսում»,- ասաց նա, բայց անմիջապես սթափվեց եւ փորձեց հերքել տեղեկությունը․ «Եթե ես եւ Արշակ Կարապետյանը համահիմնադիր ենք այդ շարժման, եւ եթե հանկարծ կոնֆլիկտ լինի` ի՞նչ պետք է լինի... Ես ասում եմ․․․ նման բան չկա»։ Հետաքրքրվեցինք առաջիկա քայլերի մասին։ «Նախատեսում ենք երկիրը փրկել այս ողբերգությունից, կարողանալ ազգային համախմբում իրականացնել, ազգովի ոտքի կանգնել ու գիտակցել, որ մեր գոյության պայքարն է»,- ասաց Գեւորգյանը՝ չնշելով, թե երբ եւ ինչպես են ոտքի հանելու ազգին։ Նշենք, որ շարժումը մի քանի ամիս է, ինչ հայտարարել է իր գոյության մասին, գրասենյակներ են բացել Երեւանում, Գյումրիում, Էջմիածնում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցությունը երաշխավորագիր է ներկայացրել դատարան՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցների խափանման միջոցը փոխելու հարցով։ 71 հոգուց 64-ը ստորագրել է այն։ Չեն ստորագրել Արսեն Թորոսյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը, որոնք գործուղման են` բացակայում են Հայաստանից: Չի ստորագրել Ալեն Սիմոնյանը՝ թիմակիցներին ասել է, որ իր ստորագրելը ճիշտ չի լինի։ Մեզ ասացին, որ չի ստորագրել նաեւ Ալեն Սիմոնյանի մտերիմ Խաչատուր Սուքիասյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, եւ Քրիստինե Պողոսյանը: Վերջինս անձնական գործերով այդ օրը խորհրդարանում չի եղել, սակայն պատրաստակամություն է հայտնել ստորագրել հաջորդ օրը։ Ի դեպ, երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահը նախկինի պես չէր շեշտում․ «Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը», եւ դա ոմանք մեկնաբանեցին որպես աննախադեպ «համարձակություն» Սիմոնյանի կողմից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ական պատգամավորների միջնորդությունը չի բավարարի, քանի որ գործով կալանավորվածները հրաժարվում են ցուցմունք տալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կրկին քրեակատարողական հիմնարկից էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին կտանեն կոմիտե՝ հարցաքննության, ու այդ հարցաքննությունից ու ցուցմունքից էլ կախված է գործի ելքը, թե փոխնախարարը կտա անուններ, թե ոչ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունն այսօր առավոտյան ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց բացահայտումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորությունը:
Երեկ գրել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով: Իշխանականները երեկվանից ստորագրահավաք են սկսել, որպեսզի երաշխավորություն ներկայացվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ՝ մինչեւ ուշ ժամը, ստորագրությունը շարունակվել է, 71-հոգանոց ՔՊ ֆրակցիայից 5 հոգի չեն միացել քվեարկությանը. նրանցից մի քանիսը վատառողջ են եղել, իսկ երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 6-ին ՊՆ զորամասերից մեկում վարժական հավաքի մեկնած զինվորի մահվան դեպքը պատահական չի եղել։ Նախնական տեղեկություններով՝ զինվորը ինքն է ինքնահրկիզվել: Ի դեպ, պաշտոնապես կոմիտեում վարույթը նախաձեռնվել է սպանության հատկանիշներով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդմամբ, տնակի հրդեհը տեղի է ունեցել չպարզված հանգամանքներում։ Չնայած այդ հանգամանքին՝ նախաքննությունն իրականացվում է ամբողջ ծավալով, քննության առարկա են մի քանի վարկածներ։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռեւս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այլ տուժածներ չկան»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հանրային քննարկումների թեմաների մեջ այս օրերին առաջին տեղերից մեկում նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է: Փորձագետներն ու քաղաքական գործիչները նշում են, որ նա այդպիսով կատարում է Ադրբեջանի պահանջներից մեկը և ցանկություն ունի ի մասնավորի Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրի մասին դրույթը: Սակայն օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը գրառում էր արել՝ հիշեցնելով, որ համաձայն Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման, Սահմանադրության նախաբանը համարվում է անփոփոխելի դրույթ։ Այս մասին խոսել էին նաև քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, այլ փորձագետներ, իրավաբաններ:
Ավելին, մասնագետները նշում են, որ Սահմանադրության 203-րդ հոդվածն արգելում է որևէ փոփոխություններ իրականացնել Սահմանադրության 1-3 հոդվածներում: Իհարկե, կան նաև կարծիքներ, որ փաշինյանական իրավաբանները կարող են այս ամենն այնպես մեկնաբանել, որ խոսքը ոչ թե փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին է, ուստի նշյալ դրույթները չեն տարածվում: Ավելին, ըստ տեղեկությունների, այդ հանրաքվեն Փաշինյանը ցանկանում է օգտագործել ոչ միայն Ադրբեջանի պահանջները կատարելու կոնտեքստում, այլև ներքին լեգիտիմության ամրություն ցույց տալու համար:
Բայց մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ այս օրերին նշում էին, որ Փաշինյանի այս հաշվարկները կարող են բացարձակ հակառակ ընթացք ունենալ, այսինքն՝ վերածվել «անվստահության հանրաքվեի» և ազգային ուժերի համախմբման հարթակ դառնալ՝ ընդդեմ ոչ միայն Սահմանադրության, այլև հենց Փաշինյանի, ինչը մեր զրուցակիցներից մեկը գնահատեց որպես պատմական շանս՝ «Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից ազատվելու և երկրի կործանման ընթացքը կանգնեցնելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվելու է Հունգարիա։ Գործուղումը տեւելու է 2 օր՝ 2024 թվականի փետրվարի 5-7-ը։ Բուդապեշտ այցի նպատակն է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելը։ Նախարար Անահիտ Ավանեսյանի այցին զուգահեռ, Բուդապեշտում էր նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի այցին ի պատիվ պաշտոնական ճաշ է տրվել, հնչել են բաժակաճառեր, բարձր են գնահատվել երկկողմ հարաբերություններն ու բարձր մակարդակի փոխգործակցությունը:
Հիշեցնենք, որ Հունգարիայի եւ Հայաստանի հարաբերությունները, որոնք 2004 թվականի փետրվարից խզվել էին, վերականգնվեցին հեղափոխական իշխանությունների օրոք՝ 2023 թվականի մայիսին։ Իսկ ինչո՞ւ էին սրվել. 2004-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովը դաժանորեն կացնահարեց 26-ամյա հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որը քնած էր: Սպանությունը կատարվել էր Բուդապեշտում. Մարգարյանը եւ Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացների էին մասնակցում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում: Դեպքից հետո Հունգարիան արտահանձնեց հանցագործին Ադրբեջան, որտեղ նա հերոսի կոչում ստացավ: Այս հայտնի դեպքերից հետո Հայաստանում չկար նույնիսկ Հունգարիայի դեսպանատուն, իսկ նոր իշխանության օրոք այն վերաբացվեց, եւ սկսվեց քաղաքական ջերմ հարաբերությունների մի նոր էտապ։ Ներկայիս իշխանությունը կարծես մոռացել է, թե ինչու Հայաստանը այն ժամանակ հրաժարվեց այդ հարաբերություններից, իսկ այժմ Եվրոպային քծնելու համար պղծվում են բոլոր հիշողությունները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես՝
1. ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է,
2. Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը,
3. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է,
4. Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, կամ Լեւոն Լեւոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:
Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ են տվել իշխանական ավագանու անդամներին. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը, որը համատեղությամբ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնն է զբաղեցնում, ասաց, որ նախընտրում է ավագանու անդամի մանդատը։ «Դեռ իրավական որոշակի գործընթաց պետք է լինի, կհասկանանք՝ ինչ է լինում, բայց, ամեն դեպքում, ես որոշում կայացնելու եմ եւ ընտրելու եմ ավագանու անդամի մանդատ եւ իմ գործունեությունը շարունակելու եմ ավագանու մանդատից, կհրաժարվեմ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնից»,-ասաց նա: Համատեղությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ավագանու անդամ Լեւոն Լեւոնյանը նույնպես մեզ հետ զրույցում ասաց՝ ընտրում է ավագանին. «Ես ավագանու անդամի մանդատից չեմ հրաժարվի, կհրաժարվեմ ԱԺ-ում զբաղեցրած իմ պաշտոնից: Ամսի 15-ը վերջնաժամկետն է. եթե ինչ-որ փոփոխություն չլինի, ես միանշանակ այդ բացը կլրացնեմ ու որոշում կկայացնեմ. ամեն դեպքում, ընտրելու եմ ավագանու անդամի մանդատը»»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մութ ամպեր՝ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի գլխին։ Վերջինիս պատկանող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն դատարանի դռներն է ընկել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ոսկու շուկայի սեփականատերը դատի է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։ Իսկ ի՞նչն է պատճառը։ 2023 թվականին պարզվել էր, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երեւան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:
«Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, եւ վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք. Երեւան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երեւան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գործող «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները», – ասվել էր հաղորդագրությունում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանցիները շարունակում են մեծացնել տեղեկատվական պատերազմի ծավալները՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերության: Ի մասնավորի, հակահայկական քարոզչական հարթակներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը հայտարարել է, թե, ուշադրություն, ադրբեջանցի մասնագետները սկսել են մշակել Հայաստանի հանքարդյունաբերության քարտեզը։
Ավելին, նրա խոսքով, քարտեզի 40 տոկոսն արդեն մշակված է, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել չորս ամսից։ Այսինքն, այդ քարտեզի միջոցով հնարավոր կլինի հստակ իմանալ, թե Հայաստանում որտեղ են գտնվում հանքային պաշարները: Ընդ որում, ինչպես նշել է Բայրամովը, քարտեզն ընդգրկելու է Հայաստանի ողջ տարածքը, և ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության տեղանքներն Ադրբեջանի հետ սահմանին։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ սույն ադրբեջանցին ու նրան ձայնակցած տնտեսագետ Էլ շադ Մամեդովը առիթն օգտագործել են դարձյալ խոսելու հայաստանյան հանքարդյունաբերության՝ շրջակա միջավայրի վրա իբր բացասական ազդեցության մասին, նշենք, որ այս ամենն արդեն իսկապես ստանում է ազգային անվտանգության խնդիր, ինչի մասին ոչ մեկ անգամ զգուշացրել ենք: Երբ ժամանակին թե՛ լրատվամիջոցները, թե՛ փորձագետները զգուշացնում էին, որ հայաստանյան որոշ ՀԿ-ների՝ հանքարդյունաբերության դեմ պայքարը՝ մի կողմից, կասկածելի արտասահմանյան ՀԿ-ների՝ Հայաստանում ուսումնասիրություններ կատարելու թույլտվությունը՝ մյուս կողմից, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին, նույն այդ ՀԿ-ներից ոմանք խիստ «նեղվում» էին:
Փաստը մնում է փաստ, որ ադրբեջանցիները ակտիվորեն օգտվում են նշյալ կառույցների տեղեկություններից: Վերջիններիս նպատակը հասկանալի է՝ նրանք ցանկանում են թուլացնել Հայաստանի ողնաշարը, այդ թվում՝ հարվածելով տնտեսության մեջ շոշափելի ներկայություն ունեցող հանքարդյունաբերությանը, հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որը տարիներ շարունակ գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը: Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունեն հայաստանյան նման կազմակերպությունները: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա Մամեդովի հետ մի հարցում համաձայն ենք:Նա նշում է, թե «այսօր մենք, ցավոք, տեսնում ենք, որ շատ միջազգային կառույցներ կիրառում են երկակի ստանդարտներ, այդ թվում բնապահպանության ոլորտում»: Այո, երկակի ստանդարտներն ակնառու են, քանզի լինելով նավթարդյունահանող երկիր՝ բնապահպանական առումով ամենամեծ վնաս հասցնողներից մեկը հենց Ադրբեջանն է, դրան գումարած՝ այդ երկրի ռազմական հանցագործությունները, որոնց վրա նույն «միջազգային կառույցները» հաճախ աչք են փակում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարին նոր է սկսվել, իսկ ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաներն արդեն ենթակա են վերանորոգման։ Բանն այն է, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 24-ին ԱԺ սպասարկող ավտոմեքենաների վերանորոգման համար հատկացրել է 14 մլն 500 հազար դրամ։ Հիշեցնենք, որ նախկինում գրել էինք՝ ԱԺ մեքենաների ապահովագրման համար բյուջեից ծախվել է գրեթե 4 մլն դրամ։ Ավտոմեքենաների վերանորոգման համար կնքվել է պայմանագիր «ՋԻ ԸՆԴ ՋԻ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի հետ, որի տնօրենն է ոմն Արայիկ Ստեփանյան։ Պայմանագրով փոխվելու եւ կապիտալ վերանորոգվելու են ԱԺ մեքենաների շարժիչներից մինչեւ սրահ բոլոր դետալները։ Պայմանագրով մատուցվելու է 416 անուն ծառայություն։ Նախատեսված պայմաններից են, որ սպասարկման մեքենաների թիվը միանգամից կարող է լինել 3-ը, որոնց պետք է պահել տանիքածածկ եւ հսկվող տարածքում։ Պայմանագրով նախատեսված է նաև, որպես սպասարկող ընկերություն, ունենալ դեֆորմացված թափքի ուղղման ստենդ, զոդման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ նաեւ այլումինի եւ չուգունի, ներկման, չորացման եւ հարդարման ժամանակակից միջոցներ։ Ըստ պայմանագրի՝ բոլոր ծառայությունները պետք է իրականացվեն Երեւան քաղաքի վարչական շրջանում սպասարկման արագությունն ապահովելու նպատակով։ Ծառայություններ իրականացնելու համար պահանջվում է նվազագույնը 2 ավտոփականագործ, 2 շարժիչագործ, 1 ավտոէլեկտրիկ, 1 անվաբացքի ուղղման մասնագետ, 2 թիթեղագործ-ներկարար»։