VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մյունխենյան այցից հետո Հայաստանում նոր թափով կգեներացվեն հակառուսական տրամադրություններ, եւ փորձ կարվի հիմնահատակ փչացնել մազից կախված հայ-ռուսական հարաբերությունները՝ Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելով Հայաստանից։ Իշխանական աղբյուրներն ասում են, որ նման պահանջ է դրել Արեւմուտքը, ինչի դիմաց խոստացել են սանձել Ադրբեջանի ռազմական նկրտումները։ Դա էր պատճառը, որ Փաշինյանը Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ կրկնեց. «Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի կազմակերպությունների ղեկավարներ ու անհատներ մեզ ահազանգել են, որ իրենց բեռնատարները մի քանի շաբաթ է՝ կանգնած են «կարգոներում», եւ իրենք որեւէ կերպ թույլտվություն չեն կարողանում ստանալ, որ դրանք տանեն։ Մեզ ասացին, որ նախկինում ԵԱՏՄ տարածքից առանց մաքսատուրք վճարելու բեռնատարները մտնում էին Հայաստան, սակայն վերջին շրջանում ինչ-որ բան է փոխվել, իրենց հասկացնում են, որ պետք է բեռները մաքսազերծվեն։ Տնտեսվարողներից մեկն էլ ասաց, որ բեռները պետք է ժամանակին գային, որպեսզի իրենք կարողանային շահած տենդերի պայմաններն ապահովել, սակայն իրենց համար անհասկանալի պատճառներով ձգձգվում են ձեւակերպումները։ Խոսքը, ըստ մեր զրուցակիցների, մոտ 5 բեռնատարի մասին է, որոնցից մեկը կանգնած է Բագրատաշենի անցակետում, մյուսները՝ Երեւանի կարգոներում։ Պետական եկամուտների կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչ խնդիր կա, արդյոք օրենսդրության առումով բա՞ն է փոխվել։
ՊԵԿ-ից ի պատասխան մեր հարցմանն ասացին, որ խախտումներ են հայտնաբերվել․ «Հայտնաբերվել են մաքսային ձեւակերպման խախտումներ, անհամապատասխանություններ։ Դեպքերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ։ Բեռնատարներն ուղարկվել են մաքսային պահեստներ՝ հետագա ընթացքը որոշելու համար»։ ՊԵԿ-ից հիշեցնում են նաեւ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ փետրվարի 8-ին հրապարակված հայտարարությունը, որտեղ ներկայացվում են ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով իրականացվող վարչական վարույթների ընթացքում կիրառվող մոտեցումները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ-ի ներսում կուսակցական ստորաբաժանումներից բացի ոչ ֆորմալ «մատնիչ ինստիտուտներ» են գործում, որոնք «գործ են տալիս» շեֆին` Փաշինյանին, այս կամ այն կուսակցականի կամ պաշտոնյայի դեմ: Այդ «ինստիտուտների» միջոցով բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, շատերն աշխատանքից են ազատվել եւ այլն: ՔՊ-ականները նեղսրտում են, որ իրենց դեմ ուժայիններից բացի նաեւ մատնիչներն են աշխատում, որը Փաշինյանի ձեւավորած համակարգն է: Ի դեպ, Քերոբյանի շուրջ ստեղծված իրավիճակը եւս այդ ոչ «մարմնի» ուղղորդմամբ է սկսվել: Թե ովքեր են «մատնիչ ինստիտուտի» անդամները, ՔՊ-ում կասկածներ ունեն, եւ մի շարք անուններ են շրջանառվում` Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Գեւորգ Պապոյան, Արփի Դավոյան, Անդրանիկ Քոչարյան, կառավարությունում` Արայիկ Հարությունյան եւ այլք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պատրաստ է գնալ Ազգային ժողով եւ հանդիպել իշխանական պատգամավորների հետ, բայց դեռ հրավեր չունի: Ինչպես հայտնի է, Դատական դեպարտամենտի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո ԱԺ ՔՊ իշխող խմբակցության պատգամավորները պատրաստվում են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կանչել ԱԺ՝ պարզաբանումների: Խոսքը «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար: Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար: Հավանաբար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնագլուխ է գործել ու նման խայտառակ տեսանյութ պատրաստելու պատվեր է տվել, հիմա իշխանականները որոշել են փակ հանդիպման կանչել Անդրեասյանին՝ պարզաբանումներ ստանալու:
Օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար, թե Կարեն Անդրեասյանը ստացել է արդյոք Ազգային ժողովից հրավեր եւ պատրաստ է արդյոք գնալ ԱԺ ու հանդիպել ՔՊ-ականներին։ Ի պատասխան՝ ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ դեռեւս շատ վաղուց Ազգային ժողովի ամբիոնից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մինչ տեսանյութի հրապարակումը հայտնել էր, որ պատրաստ է Աժ բոլոր ֆրակցիաների հետ թե՛ բաց, թե՛ փակ քննարկումերի, բայց դեռեւս հրավեր չի ստացել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 17-ին լուրեր տարածվեցին, որ Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է: Օրեր անց՝ փետրվարի 19-ին, հայտնի դարձավ, որ Մհեր Բիշարյանին դատարանը չի կալանավորել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Բիշարյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել գնումների գործընթացում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների պատճառով։ Բանն այն է, որ գնումների գործընթացը, որի մասին խոսվում է, եւ որի պատճառով ձերբակալել, ապա ազատ էին արձակել Բիշարյանին, տեղի է ունեցել նախկին նախարար Արսեն Թորոսյանի օրոք։ Ստացվում է, որ այս անգամ թիրախը Առողջապահության նախարարությունն է, որտեղ էլ տանում են հետքերը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախարարությունից ճշտել՝ որն է նրանց պաշտոնական դիրքորոշումը, եւ արդյոք ներկայիս նախարարի ղեկավարած նախարարությունը տեր կանգնում է նախկինում կնքված պայմանագրերին, թե ոչ։ Նախարարությունից մեզ ոչ մի հստակ պատասխան չտվեցին՝ ասելով․ «Հիմա չենք կարող իրավական գործընթացում գտնվող հարցը մեկնաբանել»։ Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Անահիտ Ավանեսյանի աշխատանքից, ինչի պատճառով կենտրոնացվածությունը նախարարության վրա ավելի է սրվել, ինչպես Էկոնոմիկայի նախարարության դեպքում, ինչն էլ հանգեցրեց մի շարք քրեական գործերի, ձերբակալությունների եւ նախարար Վահան Քերոբյանի ազատմանը։ Արսեն Թորոսյանն էլ օրերս հրապարակավ քննադատել է ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավարներին՝ անվստահություն հայտնելով եւ՛ դատախազին, եւ՛ Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին: Փաստացի իշխող ՔՊ-ն դժգոհ է ուժայիններից, կամ դժգոհ է կոնկրետ պատգամավորը, որ աղմկահարույց գործերով անցնում է դեռ վկայի կարգավիճակով: Հետաքրքիր իրավիճակ է, ինչ խոսք»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հրաժարվում են ընդունել ԴՆԹ թեստերի արդյունքները, երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ պահանջել են կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հանդիպել իրենց հետ։ «Ժողովուրդ» օրաթերթին ծնողները հայտնեցին, որ 4 զինվորի ծնողի ընդունել է կոմիտեի ղեկավարի տեղակալը ու լսել նրանց բողոքը։ Իսկ ինչի՞ց դրդված են ծնողները հասել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վերջիններս մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մամուլից տեղեկանալով, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի դեմ հարուցված քրեական գործ կա՝ շտապել են Հակակոռուպցիոն կոմիտե, որ հասկանան, թե արդյոք քրեական գործը հարուցվել է 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացությունների խայտառակ դեպքերի հետ, ինչի մասին իրենք տարիներ շարունակ բարձրաձայնում են։ Եղել է նախադեպ, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ այդ երեք ձեռքն էլ զոհված որդունն են: Մեկ այլ ծնողի դեպքում էլ, 43 համարի կոշիկ հագնող ու բարձրահասակ զինվորի ԴՆԹ-ի փոխարեն, 1,60 հասակով զինվորի ԴՆԹ են նույնականացրել եւ այսպես շարունակ:
Արդյունքում պատերազմի մասնակից զինվորների ծնողներին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմը բացատրել է, որ իրենք քննություն են իրականացնում ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման նպատակով դեռեւս երեքուկես տարի առաջ կնքված կասկածելի գործարքի շուրջ եւ իրենց մատնանշած դեպքերով քննություն չեն իրականացնում։ Այսինքն՝ ծնողների բողոքը չի դարձել մեղադրանքի հիմք: «Ժողովուրդ» օրաթերթին ծնողները հայտնեցին, որ կրկին հուսահատված լքել են Հակակոռուպցիոն կոմիտեն, քանի որ գործ է քննվում ոչ թե տարիներ շարունակ իրենց բարձրաձայնած դեպքերի շուրջ, այլ միանգամայն այլ գործընթացների հետ կապված։ Նշենք, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը, որը նախօրեին ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով, ԴՆԹ նույնականացման սարքերի ձեռք բերման գործով, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունում խառն են. չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել ավագանու անդամի իրենց մանդատների հետ: «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը վերջերս հայտարարել էր՝ պատրաստվում է վայր դնել ավագանու մանդատը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ նա մտափոխվել է ու չի պատրաստվում դեռ վայր դնել մանդատը։ «Առաջիկայում չեմ պատրաստվում վայր դնել մանդատս, դեռ կպահեմ այն. երբ հարմար կգտնեմ, կդնեմ»,-ահա այսպես արձագանքեց նա «Ժողովուրդ» օրաթերթի հարցին: Նշենք, որ այս խմբակցությունը ավագանիում ամենափոքր ներկայացվածությունն ունեցող ֆրակցիան է, որն ունի ընդամենը 6 անդամ, որոնցից Արտակ Գալստյանը կալանավորված է, ուստի չի կարող մասնակցել նիստերին, Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հանրային քրեական հետախուզում է հարուցված, նա հետախուզման մեջ է, Անուշ Գինոսյանն էլ հայտարարել է, որ դուրս է գալիս «Հանրային ձայն»-ից ու շարունակելու է հանդես գալ որպես ավագանու անկախ անդամ: Փաստացի ստացվում է, որ այս պահի դրությամբ ֆրակցիան ավագանիում ներկայացված է ընդամենը 3 հոգով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախահայությունը որոշում կայացրեց դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով Հայաստանին: Արցախյան շարժումը հաղթանակի ու պայքարի մի նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Այսօր՝ 36 տարի անց, ունենք մի իրավիճակ, երբ Արցախը լքված է, հայաթափված ու թշնամու արյունարբու ձեռքերում: Երեւանում եւ Ստեփանակերտում արցախյան շարժման օրը տարբեր միջոցառումներ են մշտապես կազմակերպվել: Չնայած ցավոտ հանգամանքների բերումով ստեղծված իրավիճակին՝ այս տարի էլ որոշ միջոցառումներ կլինեն Երեւանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները եւ կառավարությունը վաղ առավոտյան այցելելու են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին: Այնուհետեւ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ Արցախի ներկա եւ նախկին պատգամավորների մասնակցությամբ. Արցախի խորհրդարանը նաեւ հայտարարությամբ հանդես կգա: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, թերեւս զարմանալի չէ. նրանց օրակարգում արդեն վաղուց Արցախի հարց չկա, ուստի որեւէ հատուկ միջոցառում չեն նախատեսում: Փոխարենը երեկոյան մեծ հանրահավաք է նախաձեռնել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը Ազատության հրապարակում` նվիրված արցախյան շարժման հերթական տարեդարձին: Հանրահավաքի հիմնական պահանջը լինելու է գործող իշխանությունների հրաժարականը: Ինչպես մեզ փոխանցեցին, հանրահավաքին մասնակցելու են նաեւ Հայաստանի եւ Արցախի ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նաեւ քաղաքական հայտնի գործիչներ»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի Ազգային ժողովն այս տարի գումարած գաղտնի նիստերից մեկում որոշել է փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, համաձայն որի՝ Արցախի քաղաքացիները կարող են տնօրինել կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական միջոցները: Այսինքն, կարող են հիմա ստանալ այդ գումարները։ Հիշեցնենք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում գործում է նույն համակարգը` յուրաքանչյուր աշխատողի եկամտի որոշակի տոկոսը կուտակվում է նշված ֆոնդերում, որպեսզի կենսաթոշակային տարիքում ունենան «ապահով ծերություն»: Հիմա, քանի որ ՀՀ իշխանություններն արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացի, ստացվում է, որ նրանք, ովքեր չեն ուզում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, չեն կարողանալու հետագայում օգտվել «ապահով ծերության» այս ծրագրից, ուստի Արցախի ԱԺ-ն որոշել է մարդկանց հնարավորություն տալ, որ հիմա վերցնեն իրենց կուտակած գումարները եւ հոգան կարիքները:
Խոսքը մոտ 16 մլրդ դրամի մասին է, մոտ 34 հազար շահառուի, այսինքն՝ յուրաքանչյուր աշխատողի եւ հարկ վճարած արցախցու մոտ 500 հազար դրամ կհասնի: Եվ քանի որ մարտին դադարում են ՀՀ իշխանությունների կողմից սոցիալական հատկացումները, ապա այդ գումարներով արցախցիները կարող են որոշ ժամանակ էլ գոյատեւել։ Հարցը ՀՀ Կենտրոնական բանկի տիրույթում է, որը պետք է դիմի միջազգային կուտակային ֆոնդերին եւ պահանջի հետ վերադարձնել բոլոր նրանց գումարները, ովքեր կպահանջեն։ Սակայն կարծիք կա, որ կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դժվար թե արցախցիների համար որեւէ քայլ անի եւ ԿԲ-ին կհանձնարարի չաջակցել։