Ալեն Սիմոնյանը հերքել է 1100 դոլար և 1600 եվրո արժողությամբ կոշիկներ ունենալու մասին լուրը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է իր թանկարժեք կոշիկների մասին հրապարակումներին՝ տեղադրելով իր կոշիկների լուսանկարներ և ուղեկցելով դրանք հեգնական մեկնաբանությամբ:
«Երկիրը երեսուն տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ: Իհարկե պարզ չի, թե ես ԱԺ շենքում ինչ թալան պետք է անեմ, ասենք ընդդիմադիրների դատարկ աթոռները ծախեմ լավ գնով, թե՞ ԱԺ-ի հին խալիները լավ գնով պետք է բրթեմ գնան», - գրել է Սիմոնյանը:
Նրա խոսքերով, մեկը իրեն մեղադրում է 1100 դոլար արժողությամբ Zegna կոշիկներ ունենալու մեջ, մյուսը՝ 1600 եվրո արժողությամբ Loro Piana կոշիկներ ունենալու մեջ: «Ես ո՛չ 1100 դոլար, ո՛չ 1600 եվրո նոց կոշիկներ չունեմ: Իհարկե զավեշտ է, որ գրեթե բոլորը բացում են իրենց ձեռքի 1400 դոլար արժողությամբ iPhone-ը և քննարկում ԱԺ նախագահի ԻԲՐ 1100 դոլար արժողությամբ կոշիկը», - նշել է Սիմոնյանը:
Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ կոշիկներ է գնում հիմնականում արտասահմանյան outlet-ներից և երևանյան խանութներից, «ուր ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գտնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում»: Նա նաև ավելացրել է, որ ներկայումս խանութներում կան լավ զեղչեր, և իր հրապարակած լուսանկարը արված է հրապարակման օրը:
Վերջում Սիմոնյանը հեգնանքով նշել է, որ քննադատները «լավ չեն լսել իրենց վոժդի ասուլիսը», ով, իր խոսքերով, հայտարարել է, որ «թալանվածը ինչ-որ մեկի տռուսիկում է», և ավելացրել է, որ պատրաստ է քննարկել նաև այս հարցը՝ չկասկածելով, որ «նույն մարդիկ կարձագանքեն»: