Երկրում շինարարական ակտիվությանը զուգահեռ ակտիվացել են նաև սողունները։ Տարվա կեսը դեռ չի լրացել, սակայն փրկարար ծառայությունն արդեն ավելի քան 600 ահազանգ է ստացել քաղաքացիներից՝ օձերի հայտնաբերման վերաբերյալ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը 74-ով ավելի է։
Փրկարարների տվյալներով՝ այս տարի հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր։ Մասնագետները նշում են, որ տաք եղանակին սողուններն ավելի ակտիվ են դառնում, ինչի պատճառով քաղաքացիների ահազանգերը ավելանում են։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օձերի հայտնաբերման վերաբերյալ դիմումներ է ստանում հանրապետության տարբեր բնակավայրերից։ Այս տարի ամենաշատ ահազանգերը գրանցվել են Երևանից․ ընդհանուր դեպքերի շուրջ 43 տոկոսը մայրաքաղաքից է եղել։ Բազմաթիվ ահազանգեր են ստացվել նաև Կոտայքի մարզից՝ առաջին կիսամյակում՝ 104 դեպք։
Փրկարար ծառայության ներկայացուցիչը նշում է, որ օձերն ինքնին վտանգ չեն ներկայացնում, եթե մարդիկ չեն փորձում վնասել կամ բռնել նրանց։
«Եթե մենք օձին չփորձենք վնասել և պահպանենք մոտավորապես 2 մետր հեռավորություն, ապա նա ինքնուրույն կհեռանա։ Ոչ մի վնաս կամ հարձակում չի իրականացնի»,– նշում են մասնագետները։
Փրկարարների խոսքով՝ սողունները հիմնականում հայտնվում են շենքերի հարակից տարածքներում, հատկապես նոր կառուցվող հատվածներում։ Նման վայրերը նախկինում հաճախ եղել են նրանց բնական միջավայրը։
«Նոր կառուցվող շենքերի տարածքները նախկինում մարդաբնակ չեն եղել։ Կարելի է ասել՝ դրանք ավելի շատ իրենց տարածքն են եղել։ Հիմա, երբ մենք նոր շինություններ ենք կառուցում այդ տարածքներում, ստացվում է, որ մենք ենք մտնում նրանց միջավայր»,– նշել է փրկարար ծառայության ներկայացուցիչը։
Բնակիչներից մեկը պատմել է, որ իր տան մոտ հաճախ է հանդիպում օձերի հետքեր։
«Այսօր առավոտյան օձի փոխած կաշին տեսա, այնտեղ էր գցած։ Օձերը մեր տարածքում քիչ չեն, բայց նրանք վնասում են միայն այն ժամանակ, երբ վտանգ են զգում»,– պատմել է նա։
Փրկարարները քաղաքացիներին հորդորում են օձ տեսնելիս չխուճապի մատնվել և չփորձել ինքնուրույն բռնել կամ վնասել կենդանուն։ Անհրաժեշտ է անմիջապես զանգահարել փրկարար ծառայություն, որի աշխատակիցները կտեղափոխեն սողունին անվտանգ վայր։
Եթե օձը կծել է մարդուն, մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել շտապօգնության ծառայությանը և չզբաղվել ինքնաբուժությամբ։ Տարբեր «ժողովրդական» մեթոդները կարող են ավելի մեծ վնաս հասցնել, քան հենց օձի խայթոցը։