Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումային և երկու կողմերի համար ընդունելի լուծում, հաղորդում է РИА Новости-ն։ «Դուք հիշատակեցիք Ղարաբաղը։ Սա իրոք խնդիր է, որը խորհրդային անցյալից է հասել մեզ։ Գիտեմ, թե սա ինչքան սուր հարց է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար։ Մենք մի բանի ենք ձգտելու. ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն հակամարտության փոխզիջումային և երկու կողմերի համար ընդունելի լուծում»,- ասել է Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ «Պետք է, որ այստեղ հաղթողներ չլինեն, այլ հաղթեն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետությունները զգան, որ այս բարդ խնդիրն իրենք լուծել են ներկա պահի և ապագա սերունդների օգտին»,- ավելացրել է նա։ Ինչպես նշում է РИА Новости-ն՝ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անձնական մասնակցություն ցուցաբերելու համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, «որոնք արդեն վաղուց հասել են ստրատեգիական գործընկերության մակարդակի»։ «Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ամրապնդվում է քաղաքական երկխոսությունը, տնտեսական կապերն ամրանում են»,- ավելացրել է Ալիևը։