Կառավարության որոշմամբ կստեղծվի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ
ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ստեղծել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերությունը:
Ըստ նախագծի, նախատեսվում է ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50.000 դրամ, որը բաժանված է 10 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5.000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը կվերապահվի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
Այսպիսով` եռամսյա ժամկետում նախատեսվում է հաստատել ընկերության կանոնադրությունը, ձևավորել ընկերության գործադիր մարմինը, ապահովել ընկերության պետական գրանցումը և օրենքով սահմանված՝ ընկերության հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը: