24.11.2024
Կատալոնիայի անկախության հանրաքվեն չի կայանա. Իսպանիայի վարչապետ
prev Նախորդ նորություն

Մեդվեդեւ․ Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման հույսերը վերացան

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման հույսերը չքվեցին։ Այս մասին իր Facebook էջում գրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

Նա նշել է, որ այդ օրենքը մի քանի հետեւանքներ է ունենալու։


«Նախ, սրանով վերջացան նոր ամերիկյան վարչակազմի հետ հարաբերությունների բարելավման հույսերը։ Երկրորդ, Ռուսաստանին հայտարարել են լիարժեք առեւտրային պատերազմ։ Երրորդ, Թրամփի վարչակազմը ցուցադրել է կատարյալ անզորություն, ամենաստորացուցիչ ձեւով գործադիր լիազորությունները փոխանցելով Կոնգրեսին։ Դա փոխում է ուժերի բաշխումը ԱՄՆ քաղաքական շրջանակներում»,- համարում է վարչապետը։

Նրա կարծիքով, «ամերիկյան իսթեբլիշմենթը պարզապես գերազանցել է Թրամփին»։ «Նախագահն ուրախ չէ նոր պատժամիջոցների համար, բայց նա չէր կարող չստորագրել օրենքը։ Նոր պատժամիջոցային թեման նախեւառաջ Թրամփին իր տեղը դնելու եւս մեկ միջոց էր։ Առջեւում նոր փորձեր կլինեն, որոնց վերջնական նպատակն է նրան իշխանությունից հեռացնելը։ Համակարգին չպատկանող խաղացողը պետք է լիկվիդացվի։ Ընդ որում ամերիկյան բիզնեսի շահերն անտեսվել են։ Քաղաքականությունը հաղթանակել է իրատեսական մոտեցումներին։ Հակառուսական հիստերիան վերածվել է առանցքային բաղադրիչի ոչ միայն արտաքին այլեւ ներքին ամերիկյան քաղաքականության համար»։

Մեդվեդեւի խոսքով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները ծայրաստիճան լարված են լինելու՝ անկախ Կոնգրեսի կազմից կամ նախագահի անձից։ «Առջեւում հարաբերությունների երկարատեւ պարզաբանումներ են միջազգային մարմիններում ու դատարաններում։ Միջազգային լարվածության հետագա ուժեղացում։ Հրաժարում կարեւորագույն միջազգային խնդիրների լուծումից»։