Բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործման ուղղությամբ շուրջ երկու տասնյակ հարց է քննարկվել այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին, որին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհուրդը հաստատել է մինչև 2020 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումները, քննարկել և առաջարկել է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի դիտարկմանը ներկայացնել օդատիեզերային պաշտպանության հայեցակարգի նախագիծը: Նախանշվել են ԱՊՀ-ի պետությունների զինված ուժերի 2017 թվականի համատեղ միջոցառումները, այդ թվում նաև զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային բանակային մրցումների կազմակերպման և միջազգային բանակային խաղերի ասոցիացիայի ստեղծման մասին: Քննարկվել են ռազմական կրթության, պետական գաղտնիքի պաշտպանության, ՌՔԿՊ, թռիչքների անվտանգության ապահովման և այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր: Նիստի շրջանակում նույն օրը կայացել է Սեյրան Օհանյանի առանձնազրույցը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: