24.11.2024
Հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 25.4 տոկոսով
prev Նախորդ նորություն

Անհարգելի բացակայած պատգամավորները կզրկվեն աշխատավարձից. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը և Արկադի Համբարձումյանը հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար և անհարգելի կերպով բացակայելու համար կզրկվեն աշխատավարձի որոշ մասից: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Գոյություն ունի Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, գոյություն ունի ԱԺ պատգամավորների գործունեության երաշխիքի մասին ՀՀ օրենք, որի 5-րդ հոդվածի 4-րդ կետը հստակ ասում է՝ ԱԺ նիստերից, ինչպես նաև հանձնաժողովների նիստերից անհարգելի կերպով բացակայած պատգամավորները բացակայած օրերի համար չեն վճարվում։ Նման դեպքում հանձնաժողովի նախագահը պարտավոր է հետևել օրենքներին և յուրաքանչյուր նիստից հետո համապատասխան արձանագրություն կազմել և ուղարկել ԱԺ նախագահին։ Ես, որպես օրինապահ պատգամավոր, արել եմ դա»,- նշել է նա։


Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ՀՀԿ խմբակցության բոլոր 3 պատգամավորները նախապես տեղեկացվել են գործընթացի մասին։ Նրանք որևէ անգամ չեն մասնակցել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստերին, հետևաբար հարց է բարձրանում՝ որքանո՞վ է նպատակահարմար, որ նիստերին կտրականապես չմասնակցող պատգամավորները մնան հանձնաժողովում։


«Ի դեպ, այդ հարցն առաջիկայում բարձրացնելու եմ ԱԺ խորհրդում։ Ես չգիտեմ՝ ինչու են տվյալ 3 պատգամավորները որոշել, որ իրենց տեղը եվրոպական ինտեգրման հանձնաժողովն է։ Իհարկե, հասկանում եմ, որ դա ցանկացած խմբակցության որոշելիք հարցն է։ Եթե իրենք գտնում են, որ հանձնաժողովում լինելով՝ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը և Արկադի Համբարձումյանը չպետք է մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, ես էլ հարգում եմ ՀՀ օրենքները, և ինչպես պահանջում է կարգը, յուրաքանչյուր նիստից հետո համապատասխան արձանագրությունը ուղարկում ԱԺ նախագահին։ Ես շատ հույս ունեմ, որ ԱԺ նախագան ընթացք է տալիս իմ ուղարկած դիմումին»,- նշեց պատգամավորը։


Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է նաև, որ այսուհետ կարգը բանեցվելու է անհարգելի բացակայող յուրաքանչյուր պատգամավորի նկատմամբ՝ անկախ նրանից՝ որ խմբակցությունից է պատգամավորը։