Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում ներդրումային ակտիվության մակարդակը բնութագրող մի շարք վիճակագրական տվյալներ: Այս մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Գաղտնիք չէ, որ իր թիրախավորած ցուցանիշներին հասնելու համար ՀՀ ներկայիս Կառավարությունն ընդգծված կարեւորություն է տալիս ՀՀ ներդրումային միջավայրը աշխուժացնելու եւ ինտենսիվ կերպով օտարերկրյա կապիտալ միջոցներ ներգրավելու խնդրին: ՀՀ տնտեսության մեջ մեծածավալ ներդրումների ներգրավումը նաեւ հանդիսանում էր Կառավարության հիմնական նախընտրական խոստումներից մեկը, ուստի հետաքրքրական է ուսումնասիրել, թե նշյալ ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների ներհոսքը դեպի ՀՀ ինչպիսի ծավալային եւ կառուցվածքային պատկեր ունի:
Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի դինամիկան
Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը (օտարերկրյա ներդրումների գծով ստացումների եւ մարումների տարբերությունը) կազմել է -24.8 մլրդ դրամ, ինչը մոտ 65%-ով պակաս է 2016թ. գրանցված ցուցանիշից եւ գրեթե 130%-ով զիջում է 2015թ.-ի համադրելի ցուցանիշին: Վերջինս նշանակում է, որ 2017թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ընդհանուր ներդրումների գծով մարումները գերազանցել են ստացումները, ինչը բավականին անհանգստացնող ցուցանիշ է Հայաստանի նման կապիտալ հոսքերի պակասորդ ունեցող երկրի համար:
Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալին, ապա 2017թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում այն կազմել է 17.3 մլրդ դրամ, ինչը 2016թ. համադրելի ցուցանիշի համեմատությամբ պակաս է մոտ 1.2 մլրդ դրամով կամ մոտ 7%-ով, իսկ ահա 2015թ. գրանցված արդյունքից պակաս է շուրջ 13.4 մլրդ դրամով կամ 44 տոկոսային կետով:
2017թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի առյուծի բաժինը՝ 31.6 մլրդ դրամ, ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ: Զուգահեռաբար, խոշոր ներդրումներ են կատարվել նաեւ անշարժ գույքի միջոցով գործառնությունների (3.8 մլրդ դրամ) եւ հիմնային մետաղների արտադրության ոլորտներում (3.7 մլրդ դրամ): Դրան հակառակ՝ նախորդ տարվա համեմատությամբ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ներդրումային հոսքերի կտրուկ անկում է գրանցվել հեռահաղորդակցության (-17.9 միլիարդ դրամ) եւ խմիչքների արտադրության (-9.5 միլիարդ դրամ) ոլորտներում:
Օտարերկրյա ներդրումների աշխարհագրական կառուցվածքը
Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալային փոփոխություններին զուգահեռ փոփոխվել է նաեւ մուտքագրվող ներդրումային միջոցների աշխարհագրական կառուցվածքը: Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների խոշորագույն աղբյուր է հանդիսացել Ջերսի կղզին, որտեղից կապիտալ ռեսուրսների ներհոսքը կազմել է մոտ 31.6 մլրդ դրամ: Ջերսի կղզին աշխարհի ամենահայտնի օֆշորային գոտիներից մեկն է, եւ ուշագրավն այն է, որ այս միջոցներն ամբողջությամբ ուղղվել են դեպի միայն մեկ՝ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտ: Ընդ որում, ներդրումների զուտ ներհոսքի ծավալներով Ջերսիին հաջորդող երկու երկրները՝ Լյուքսեմբուրգը (2.4 մլրդ դրամ) եւ Կիպրոսը (1.8 մլրդ դրամ), եւս հանդիսանում են խոշոր օֆշորային գոտիներ:
Մյուս կողմից, ընթացիկ տարում կտրուկ անկում է ապրել ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը Միացյալ Թագավարությունից՝ 14.3 մլրդ դրամից հասնելով 1.7 մլրդ դրամի (88% անկում): Զուգահեռաբար, մոտ 12.8 մլրդ դրամով կրճատվել է ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի ծավալը Լիբանանից, ինչպես նաեւ 6.1 մլրդ դրամով կրճատվել է ներդրումների ներհոսքը Ֆրանսիայից:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ փոխադարձ ներդրումների դինամիկային, ապա պետք է նշել, որ ընթացիկ տարում այն շարունակել է ցուցաբերել բացասական միտումներ: Ինչպես նախկինում, ընթացիկ տարում եւս Հայաստանը չի ձեւավորել ներդրումային հարաբերություններ ԵԱՏՄ անդամ երկու երկրների՝ Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ, չնայած այն հանգամանքին, որ այդ երկների հետ Հայաստանը գտնվում է միեւնույն տնտեսական միության կազմում: Ընթացիկ տարում որոշակի ակտիվություն նկատվում է միայն Բելառուսի հետ հարաբերություններում, որտեղից ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը հասել է 118.7 միլիոն դրամի, որն ամբողջությամբ ուղղվել է մեծածախ առեւտրի ոլորտ:
Ընթացիկ տարում շարունակել է կրճատվել նաեւ ներդրումների զուտ ներհոսքի ծավալը Ռուսաստանի Դաշնությունից: Այսպես, մինչ Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցությունը՝ 2014թ. առաջին կիսամյակում, Ռուսաստանից կատարվող օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 36 մլրդ. դրամ՝ կազմելով ընդհանուր ուղղակի ներդրումների 48.5%-ը:
Ինչպես երևում է գծապատկերից, 2015թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշը տասնապատիկ անկում է ապրել մինչեւ 3 մլրդ. դրամ՝ կազմելով ընդհանուր ներդրումների ընդամենը 11.2%-ը: Անկումը շարունակվել է նաեւ 2016թ.-ին, երբ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են -5.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ ռուսական ներդրումների գծով մարումները (արտահոսքը) գերազանցել են ստացումները (ներհոսքը): Ընթացիկ տարում այս միտումներն էլ ավելի են խորացել, ինչի արդյունքում ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է լրացուցիչ 6.6 մլրդ դրամով՝ վերջնական արդյունքում հասնելով -12.3 մլրդ դրամի մակարդակին: