Ոչ մի գլխավոր դատախազ չի կարող փոխել այն խայտառակ իրավիճակը, որը գոյություն ունի Հայաստանի դատա-իրավական համակարգում: Դատախազի ոչ մի թեկնածու չի կարող գալ այստեղ ու ասել, որ վերացնելու է այդ համակարգում տիրող բարդակը, կոռուպցիան և չի ասի, որ մարդիկ վախենում են դիմել դատարան ամենակենցաղային խնդիրներով: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի մասնակցությամբ քննարկման ժամանակ: Պատգամավորի խոսքով՝ կոռուպցիան Հայաստանում վաղուց արդեն վերածվել է համատարած երևույթի, որը կարծես անորսալի Ջո լինի՝ բոլորը տեսնում են, խոսում են, բայց ոչ ոք չի կարող և չի ուզում բռնել նրան: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, անկախ Արթուր Դավթյանի անձնական և մասնագիտական հատկանիշներից, արմատական փոփոխություններ նրանից սպասել պետք չէ՝ երկրում կա մարդկանց մի խումբ, որոնք վեր են բոլոր օրենքներից: «Բացի այդ, մենք վստահ չենք, որ մի օր դուք էլ չեք լքի պաշտոնը, հղում անելով առողջական վատ վիճակին, ինչպես դա եղավ Գևորգ Կոստանյանի դեպքում», - ասաց ԲՀԿ առաջնորդը: Հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում ներկայացրեց «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո: Պաշտոնապես նրա հրաժարականը պայմանավորվեց «առողջական խնդիրներով»: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, անհրաժեշտ է առաջին հերթին փոխել խաղի կանոնները երկրում, հակառակ պարագայում գլխավոր դատախազի ցանկացած նախաձեռնություն կարող է իր դեմ աշխատել և հրաժարականի հանգեցնել՝ «առողջական խնդիրների պատճառով»: