8.05.2025
ԱԺ փոխնախագահ. Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր
06.09.2016
ԱԺ փոխնախագահ. Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր

Արցախի անկախությունը կայացած փաստ է: Ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր: Այս մասին Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Նա արձանագրել է, որ տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան և Ադրբեջանը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում ոչ միայն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այլև շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: «Միայն մեր միասնական պայքարը թուրքական ժխտողականության դեմ կարող է կանխարգելել նոր ցեղասպանությունների իրականացումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ այլ ինչ է, քան պայքար հանուն համամարդկային արժեքների պաշտպանության»,-ընդգծել է Շարմազանովը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությանը, ապա նա ասել է, որ այդ երկրում բազմաթիվ են հայատյացության դրսևորումները: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վառ ապացույցը, նրա համոզմամբ, նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումն է: Հիշեցնենք, Էդուարդ Շարմկազանովի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայում: