Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի հանդիպել օրերս Արցախ մեկնած «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ և արդյոք այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է եղել: «Արթուր Վանեցյանի հետ հանդիպել-չհանդիպելու հարցը ՀՀ վարչապետի հետ չի քննարկվել, որովհետև շատ ավելի կարևոր հարցերի շուրջ ենք մենք քննարկում ունենում՝ բանակի, սպառազինության մասին։ Ներքաղաքական թեմաներ մենք երբևէ չենք քննարկել։ Իհարկե, կարող է մեկ-մեկ միմյանց հարցնենք՝ ինչ կա չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին պիտի խոսենք», -ասաց Արցախի նախագահը ու հավելեց՝ այդպես ենք որոշել ու չենք հանդիպել: Արայիկ Հարությունը նշեց, որ հանդիպումներ ունենում է այն ուժերի հետ, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, իսկ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները կազմակերպվում են քննարկումներից հետո։