Հանրային Տրիբունալը բազմաթիվ անգամ գրել էր, որ Հարավային Կովկասում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրողությունները Հայաստանի համար լրջագույն մարտահրավերներ են պարունակում։ Ընդ որում, խոսքը միայն Բաքվի հերթական պահանջների կամ այսպես կոչված «խաղաղության օրակարգի» մասին չէ։ Խոսքը շատ ավելի խորքային գործընթացների մասին է, որոնցում ներգրավված են տարածաշրջանային և գերտերությունների շահերը։
Այսօր արդեն ակնհայտ է, որ Սյունիքը դարձել է այդ շահերի բախման առանցքային կետերից մեկը։ Տրանսպորտային հաղորդակցություններ, միջանցքներ, արտատարածքային ռեժիմներ, նոր անվտանգային ճարտարապետություն՝ այս բոլոր հասկացությունները վաղուց դուրս են եկել զուտ դիվանագիտական բառապաշարի շրջանակներից և քաղաքական ճնշման գործիքներ են դարձել։
Այս ֆոնին ուշագրավ էր Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ իր արձակուրդն անցկացնել Սյունիքում և բարձրանալ Խուստուփ։
Հայի համար Խուստուփը պարզապես լեռ չէ։ Այն գագաթ է, որի անունն անքակտելիորեն միահյուսված է Գարեգին Նժդեհի, Սյունիքի պաշտպանության, հերոսական դիմադրության և ազգային արժանապատվության հետ։ Սա այն սրբավայրն է, որտեղ հանգչում է մի մարդու աճյուն, ով պատմության վճռորոշ պահին կարողացավ անել այն, ինչն այսօր գրեթե անհնար է թվում՝ պաշտպանել հայրենի հողը՝ ի հեճուկս հակառակորդի գերազանցող ուժերին և արտաքին աշխարհի անտարբերությանը։
Եվ ահա այդ լեռն է բարձրանում Նիկոլ Փաշինյանը։
Ինքնին այդ քայլը կարելի էր ընկալել որպես մեծ ազգային գործչի հիշատակին մատուցված հարգանքի տուրք։ Եթե չլիներ մի էական հանգամանք։ Նժդեհի և Փաշինյանի միջև ձգվում է մի անդունդ, որը չափվում է ոչ միայն նրանց քաղաքական հայացքների տարբերությամբ, այլև նրանց գործունեությունների պատմական հետևանքներով։ Մեկը պատմության մեջ մնաց որպես հայկական հողերի պաշտպան։ Մյուսը՝ որպես ղեկավար, որի գիտակցված և նպատակադրված գործողությունների հետևանքով Հայաստանը կորցրեց Արցախը։
Քաղաքականության մեջ, հատկապես երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, հաճախ կարևոր է ոչ միայն գործողությունը, այլև այն համատեքստը, որի մեջ այն տեղի է ունենում։ Թերևս հենց այդ պատճառով էլ Խուստուփից տարածված կադրերն այսքան ծանր տպավորություն են թողնում։ Դրանք հիշեցնում են ոչ թե Նժդեհի գործի շարունակության, այլ դրա մերժման մասին։
Առավել ևս, որ մենք բավարար հիմքեր ունենք նման խորհրդանշական քայլերին առանձնակի զգուշությամբ վերաբերվելու։ 2020 թվականի գարնանը և ամռանը Փաշինյանն ու նրա տիկինը նույնպիսի ցուցադրականությամբ այցելում էին Արցախ։ Հրապարակվում էին լուսանկարներ, հնչում էին վստահության ու հաղթանակի մասին հայտարարություններ, ստեղծվում էր տպավորություն, թե իրավիճակը լիովին վերահսկելի է։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց սկսվեց 44-օրյա պատերազմը, որի հետևանքները մինչ օրս շարունակում են ծանրանալ Հայաստանի վրա։ Իսկ երեք տարի անց հայաթափվեց Արցախը։
Իհարկե, խոսքը միստիկայի, ոչ էլ սնահավատության մասին չէ։ Պատմությունը կերտվում է որոշումներով, ոչ թե խորհրդանիշներով։ Բայց երբեմն խորհրդանիշները սկսում են ապրել սեփական կյանքով։ Հատկապես այն դեպքում, երբ դրանց հետևից գալիս են իրադարձություններ, որոնք փոխում են ամբողջ ժողովրդի ճակատագիրը։
Բավական է հիշել 2023 թվականի հուլիսին Աննա Հակոբյանի սոցցանցերում հրապարակած հայտնի լուսանկարը՝ «Փախստականն իր հետ նոր երկիր է բերում ոչ միայն իրերի կապոցը» գրությամբ շապիկով։ ։ Երկու ամիս անց Արցախի էթնիկ զտման արդյունքում տասնյակ հազարավոր հայեր դարձան փախստականներ ։
Եվ ահա այսօր՝ 2026 թվականի ամռանը, երբ Սյունիքը կրկին հայտնվել է միջազգային քննարկումների և տարածաշրջանային հաշվարկների կենտրոնում, Հայաստանի վարչապետը բարձրանում է Խուստուփ՝ Նժդեհի լեռը։
Կրկնում եմ՝ որևէ մեկը լուրջ չի պնդում, թե պատմությունը ղեկավարվում է նշաններով կամ պատահականություններով։ Սակայն նույնքան դժվար է անտեսել այն փաստը, որ վերջին ութ տարիների ընթացքում չափազանց շատ խորհրդանշական դրվագներ հետագայում ստացել են բոլորովին այլ, հաճախ ողբերգական իմաստ։
Հենց այդ պատճառով էլ այսօր Խուստուփից արված լուսանկարներին նայում ենք անհանգստությամբ։ Որովհետև Գարեգին Նժդեհը Սյունիք բարձրացավ պաշտպանելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Խուստուփ է բարձրանում այն ժամանակ, երբ Սյունիքի ճակատագիրը կրկին դարձել է աշխարհաքաղաքական սակարկությունների առարկա։
Տա Աստված, որ այս համեմատությունը երբևէ չարդարանա։
Բայց նույն Աստծո առաջ անկեղծ լինենք. ութ տարի առաջ քչերը կհավատային, որ Հայաստանը կկորցնի Արցախը։ Հինգ տարի առաջ քչերը կհավատային, որ տասնյակ հազարավոր արցախահայեր կդառնան փախստական։ Եվ եթե այդ անհավանական թվացող իրադարձություններն այսօր արդեն պատմություն են, ապա որևէ մեկը իրավունք չունի ասել, թե Սյունիքի շուրջ հնչող մտահոգությունները չափազանցված են։
Ոչինչ բացառել չի կարելի։
Հայկական հանրային տրիբունալ