Հրթիռային հարվածներ. ԱՄՆ-ը թիրախավորել է Լարաքը, Իրանը՝ բազաները Հորդանանում
Լուսանկարը` Reuters
Մերձավոր Արևելքում լարվածության նոր ալիք է բարձրացել: Լարաք կղզու վրա ամերիկյան հարձակումից հետո Թեհրանը հրթիռակոծել է Հորդանանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները՝ հարուցելով Վաշինգտոնի կոշտ արձագանքն ու լայնամասշտաբ բախման վտանգ:
Կիրակի օրը ամերիկյան զինուժը հարվածներ է հասցրել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Լարաք կղզու արձակման կայանքներին: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Թիմ Հոքինսի խոսքով՝ գործողությունը կանխարգելիչ բնույթ է կրել, քանի որ ամերիկացի զինվորականները նկատել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստվում է նեղուցում ծովային ականներով հրթիռներ արձակել: Իրանական լրատվամիջոցները հայտնել են հարձակման հետևանքով երկու զոհի և երկու վիրավորի մասին՝ խոստանալով խստագույնս պատասխանել:
Սա ԱՄՆ-ի առաջին ուղիղ հարվածն էր Իրանին հուլիսի վերջից ի վեր, երբ Վաշինգտոնը դադարեցրել էր ռազմական գործողությունները Թեհրանի դեմ:
Թեհրանի պատասխանը չի ուշացել. երկուշաբթի գիշերը իրանական ուժերը հրթիռակոծել են Հորդանանի տարածքում գտնվող ամերիկյան «Թագավոր Հուսեյն» և «Ալ-Ազրաք» ռազմաբազաները: Ըստ ԻՀՊԿ-ի՝ թիրախավորվել են տեխնիկական ենթակառուցվածքներն ու կործանիչների դիրքերը: Հորդանանի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են երկրի օդային տարածք ներխուժած ութ հրթիռ, ինչի մասին պաշտոնապես հայտնել է պետական «Պետրա» գործակալությունը:
ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «ռազմավարական սխալ», որի համար Վաշինգտոնը հատուցելու է և՛ ռազմական, և՛ տնտեսական ոլորտներում:
Իրադրությունը սրվում է նաև տեղեկատվական հարթակում: Իրանական հարվածներից ժամեր անց Դոնալդ Թրամփը Truth Social ցանցում հրապարակել է արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր, որոնցում երևում են Խարք կղզու առանցքային նավթային տերմինալի պայթյունները: Նախկինում Սպիտակ տան ղեկավարը զգուշացրել էր ոչնչացնել ցանկացած իրանական նավ, որը կփորձի ականներ տեղադրել, և հայտարարել էր նեղուցի ականազերծման ավարտի մասին:
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին այդ հայտարարություններն անվանել է «քարոզչական խաբեություն»: Հակամարտությունը ծավալվում է այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց Իրանը ստիպում է առևտրային լցանավերին վճարովի ստուգումներ անցնել՝ տարանցման համար պահանջելով մինչև երկու միլիոն դոլար: