31.08.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

ԱԳՆ ղեկավարությունը դիտարկել է հայ-թուրքական սահմանի արդիականացված անցակետը

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

ՀՀ ԱԳՆ ղեկավարությունը դիտարկել է հայ-թուրքական սահմանի արդիականացված անցակետը, որն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, մինչդեռ Անկարայի կողմից սահմանի բացման ժամկետները մնում են անորոշ:


Տարեկան աշխատաժողովի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած դիվանագիտական պատվիրակությունն այցելել է «Մարգարա» սահմանային անցակետ: Շրջայցի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է ենթակառուցվածքի վերանորոգման և տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքները:


Հայկական կողմն անցակետի արդիականացման համար հատկացրել է շուրջ մեկ միլիարդ դրամ, և ներկայումս օբյեկտը լիովին պատրաստ է սպասարկման:


Չնայած Երևանի պատրաստվածությանը, Թուրքիան դեռևս չի շտապում գործարկել սահմանի հակառակ կողմում գտնվող «Ալիջան» անցակետը: Երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանն ամենասեղմ ժամկետներում բացելու պայմանավորվածությունը կողմերը ձեռք էին բերել դեռևս 2022 թվականին:


Մայիսի կեսերին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր երկկողմ երկխոսության հասունացման մասին՝ ընդգծելով, որ այն ցանկացած պահի կարող է հանգեցնել հարաբերությունների ամբողջական կարգավորման և լուրջ տնտեսական օգուտների:


Այնուամենայնիվ, 1990-ականների սկզբից արգելափակված սահմանը շարունակում է փակ մնալ, իսկ վերջերս Երևան ժամանած Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը հրաժարվել է հստակեցնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ժամկետները:


 

Լուսանկարը` ՌԲԿ
Հաջորդ նորություն next