15.07.2026
ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են
prev Նախորդ նորություն

Ամբողջատիրություն՝ առանց «իզմի»

Ամբողջատիրական (տոտալիտար)պետությունն առանց գաղափարախոսության՝ «իզմի», չի լինում։ Այդ գաղափարախոսությունը (իրատեսական, ուտոպիստական, ցնդաբանական և այլն) պետք է դրված լինի իշխանության գործունեության հիմքում։ Առանց «իզմի»՝ ամբողջատիրական պետությունը լևիաթանի ամենավատ տարբերական է դառնում՝ վերածվելով գիշատիչ համակարգի, իսկ իշխանությունը դառնում է ինքնանպատակ, կամ՝ միակ նպատակ։


Ամբողջատիրական պետության գործունեության գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ հասարակության մեծամասնությունը հավատա պաշտոնական գաղափարախոսությանը կամ այդ մեծամասնությանը ստիպեն հավատալ դրան։ Կարևոր նախապայման է նաև ամբողջատիրության ձգտող իշխանության հանրային լեգիտիմության առկայությունը։


Քաղաքացի Նիկոլ Փաշինյանը (Ն․Փ․–ն) ամբողջատիրական պետություն և իշխանություն է ձևավորում՝ առանց «իզմի»։


Նրա մոտ կա ամբողջատիրության ձևը (բռնաճնշումներ, այլակարծության քրեականացում, սեփականության վերաբաշխում, խոսքի ազատության ոչնչացում և այլն)։ Բովանդակությունը զրո է։


Ն․Փ․–ն որպես գաղափարախոսություն է ներկայացնում Թրիփը, եվրոպական կին չինովնիկ– «ատամնատեխնիկի» նկարած ծիրանի ջեմի բանկաները և թուրքական «բաղնիքը», բայց դա գաղափարախոսություն չէ։ Դա նույնիսկ էժանագին պոպուլիզմ չէ։ Դա սովորական խաբեություն է։


Ն․Փ․–ի դավանած իրական «գաղափարախոսություն» իշխանությունը պահելն է։ Ամեն գնով։


Ստեղծված իրավիճակում իշխանությունը պահելու նրա միակ հույսն արտաքին հենարաններն են, քանզի նա 2018-ից հետո առաջին անգամ զրկվել է ներհայաստանյան լեգիտիմությունից։ Սա որակապես նոր բան է, որի խորքային ընկալումը դեռ Ն․Փ․–ն էլ չունի, բայց շուտով կզգա։


ԱԺ այս ընտրությունները կեղծվեցին մոլդովական տարբերակով՝ իհարկե որոշակի տեղային մոդիֆիկացիայի ենթարկվելով։ Այն ամբողջությամբ կառավարվում էր դրսից։


Հիմա դրսից պահում են Ն․Փ․–ին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ։


Ն․Փ․–ն այլ ճար չունի։ Հանուն իշխանության և ֆեյք ամբողջատիրության նա պետք է հանձնի։ Անընդհատ հանձնի։ Միայն հանձնի։


Հանձնեց Արցախը, Հայաստանի տարածքները և էլի է հանձնելու։ Բացի այդ՝ նրանից պահանջում են հանձնել Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, Բաքվի բանտում տառապող մեր հայրենակիցներին, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը, մեր երկրի անվտանգությունը, Եկեղեցին, տնտեսությունը, հայ–ռուսական հարաբերությունները, ատոմակայանը, հանքերը, երկաթգիծը։ Ի վերջո՝ մեր անկախությունը և Հայաստանը։


Ն․Փ․–ական ամբողջատիրության դեմ պայքարի միակ տարբերակն ամբողջական այլընտրանքի ձևավորումն է։ Այստեղ և՛ ձևն է կարևոր, և՛ բովանդակությունը։


Պոպուլիզմի դեմ պոպուլիզմով չեն պայքարում։
Ստախոսի այլընտրանքը ճշմարտությունն ու անկեղծությունն է։


Իշխանության աղբյուրը ժողովուրդն է․ սրանք լոկ խոսքեր չեն։


Քաղաքական անբարոյականության այլընտրանքը բարոյական քաղաքական առաջարկն ու վարքագիծն են։


Խոսքը պետք է արժեք ունենա։


Վախկոտությունը և անտարբերությունը սարսափելի մեղքեր են։


Ես մի քանի սկզբունքներ նշեցի, որոնք կարևոր են լինելու ամբողջատիրության դեմ պայքարում։
Ամփոփեմ․ Հայաստանում իշխանության լեգիտիմության լուրջ ճգնաժամ է առաջացել։ Խորհրդարանը լեգիտիմության վակուումի մեջ է գործելու, ընդ որում՝ բոլոր առումներով։


Թե ինչպես և երբ կլցվի այդ վակուումը, կախված է բոլորիցս ու հատկապես քաղաքական ուժերից։
Մեկ բան ակնհայտ է՝ Ն․Փ․–ական ամբողջատիրությունը պայթելու է իր գլխին։ Կարևորն այն է, որ այդ պայթունից հետո Հայաստանը չմնա դրա փլատակների տակ։


«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյան


«Երևան–Կենտրոն» ՔԿՀ