15.07.2026
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի ՀԿԵ-ի սուբսիդիան

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 65 միլիոն 222 հազար դրամով ավելացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց տրամադրվող սուբսիդիան։


Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։


Նախագծով 2026 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելացվեն 65 միլիոն 222,3 հազար դրամով։ Ամբողջ գումարը կուղղվի «Երկաթուղային ցանցի զարգացում» ծրագրին։


2025 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի»-ին վճարման ենթակա սուբսիդիայի չափը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246 միլիոն 989 հազար դրամ։


Արդյունքում ձևավորվել է 65 միլիոն 222,3 հազար դրամի կրեդիտորական պարտք, որը նախատեսվում է մարել առաջարկվող փոփոխությամբ։


Հայաստանի, «Հարավկովկասյան երկաթուղի» և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է համաձայնեցված ուղղություններով ուղևորափոխադրումներից ընկերության կրած տարեկան վնասը։


2016-2038 թվականների համար փոխհատուցման չափը սահմանված է հաստատված վնասի 30 տոկոսի չափով։


Նախագծի հիմնավորման համաձայն՝ բյուջեից լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջանա, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից պետական բյուջե փոխանցվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով։


2025 թվականի համար կոնցեսիոն վճարը նույնպես կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, որը ընկերությունը պետական բյուջե է վճարել 2026 թվականի հունիսի 4-ին։


Նախագծի ընդունմամբ Կառավարությունը կապահովի կոնցեսիոն պայմանագրով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումը։


 


 

Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ
Հաջորդ նորություն next