Քիչ առաջ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ Վաղարշյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից)։
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տեսանյութում կրակոց արձակողին կալանքի չեն տանում, այլ կալանքի են տարել միջադեպի մեկ այլ մասնակցի։ Դատելով իրավապահ մարմինների հայտարարությունից՝ տպավորությունն այնպիսին է, որ միջադեպի մասնակիցները ենթարկվում են պատասխանատվության, իսկ գործը բացահայտված է, սակայն փաստացի քրեական վարույթով բազմաթիվ հարցեր շարունակում են կասկածելի թվալ։
Ինչն է եղել Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակում կրակոցների պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մեքենաներ են բակի հատվածում վթարի ենթարկվել եւ վթարի ենթարկված մեքենաների վարորդները դուրս են եկել ու սկսել են միմյանց մեղադրանքներ հնչեցնել, ճիշտ ու սխալի հարց բարձրացնել, հնչել են հայհոյանքներ, որից հետո բանը հասել է փայտով, քարով միմյանց հարվածելու ու կրակոցներ արձակելուն:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ազատ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Քրեական գործով կա մեկ ձերբակալված: