Արմավիրի բնակիչների թունավորման դեպքի քրգործով ձերբակալվել է ևս երկու անձ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով:
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ:
Նախաքննությունը շարունակվում է:
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է:
Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով: