Երեկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպեցինք ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ` նախագահ Փոլ Քրեքորյան գլխավորությամբ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Հանդիպման ընթացքում քարտեզային հավաստի ապացույցներով ներկայացրել եմ Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, արցախահայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Ներկայացրել եմ նաև ադրբեջանական ռազմավարությունը, որով մեկուսացրել են Արցախի բնակավայրերն իրարից և զինված հարձակումների ներքո մարդկանց ստիպել լքել Արցախի իրենց պատմական բնակավայրերը: Հիմնավորվել է, որ ադրբեջանական այս ցեղասպան քաղաքականությունն անպատժելիության հետևանք է: Քննարկման ընթացքում Սյունիքի Կապան և Գորիսի համայնքների ղեկավարները ներկայցրել են իրենց համայնքներում ստեղծված իրավիճակը և խնդիրները, ադրբեջանական հանցանքները և բնակիչների համար առաջացրած շարունակական խնդիրներն ու իրավունքների կոպիտ խախտումները: Ձեռք են բերվել հետագա կապերի ամրապնդման պայմանավորվածություններ: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել համատեղ համագործակցության և ծրագրեր իրականացնելու շուրջ: Աշխատանքային այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի աջակցությամբ և ընթանում է ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ղեկավարությամբ»,- գրել է Թաթոյանը։