23.11.2024
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին:


Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար:


«Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացում: Պիտի արձանագրեմ նաև, որ պարոն Ղազարյանի պաշտոնավարումը, ըստ էության, համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ. նա նշանակվել է Ոստիկանության պետի պաշտոնում քովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը: Եվ այս ընթացքում նրա կատարած աշխատանքը, իհարկե, բարձր գնահատանքի է արժանի»,- նշել է վարչապետը:


Երկրի ղեկավարը հավելել է, որ ընդհանուր առմամբ, այս բարդ ժամանակահատվածում Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարությունը Վահե Ղազարյանի առաջնորդությամբ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը: «Միևնույն ժամանակ, բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել: Ըստ էության, մեր հանրապետության գոյության ընթացքում թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի վրա: Ըստ էության, 90-ականների սկզբից հետո, ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխությունն է տեղի ունեցել: Եվ այդ բոլոր աշխատանքներն առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին»,- իր խոսքն ամփոփել է վարչապետը:


Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին:

Վարչապետի խոսքով, Արփինե Սարգսյանը նույնպես Ոստիկանության բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում շատ էական ներդրում ունի:


«Դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակներում նա, ըստ էության, բարեփոխումների բովանդակային աշխատանքում շատ մեծ ներդրում և մասնակցություն է ունեցել: Արդեն նախարարության ձևավորման հենց առաջին օրից զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը, և այս ընթացքում, իհարկե, այս պրոցեսի ակտիվ մասնակիցներից է եղել, մարդ, ով, ըստ էության, ամբողջությամբ տիրապետում է բովանդակությանը»,- ասել է երկրի ղեկավարը և համոզմունք հայտնել, որ Արփինե Սարգսյանն այս ընթացքում համակարգում դարձել է յուրային:


Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել այս պատասխանատու պաշտոնն ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Ներքին գործերի նախարարության մյուս ստորաբաժանումները նույն տեմպով և ջերմեռանդությամբ ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին:


Վահե Ղազարյանն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար, Ոստիկանապետի պաշտոնում և Ներքին գործերի նախարարի պաշտոնում իրեն նշանակելու համար: «Ուզում եմ շնորհավորել տիկին Սարգսյանին այս պաշտոնին նշանակվելու համար և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ամբողջ անձնակազմին՝ իմ պաշտոնավարման տարիներին Հայաստանի Հանրապետությանը ծառայելուն անվերապահորեն նվիրված լինելու համար», -ասել է Վահե Ղազարյանը:


Արփինե Սարգսյանը նույնպես շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ համակարգում իր ունեցած փորձառությունը և Վահե Ղազարյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ աշխատանքի արդյունքները թույլ կտան արդյունավետ աշխատել և նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության՝ պահպանելով Կառավարության կողմից որդեգրված սկզբունքներն ու այդ սկզբունքների հիմքում դրված ոգին:


«Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն և հետևապես՝ հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է: Պետք է նկատենք, որ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ Ներքին գործերի նախարարության նկատմամբ և ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը՝ իմ գլխավորությամբ, իհարկե պարոն վարչապետ Ձեր աջակցությամբ, Ձեր վստահությամբ, շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար: Ձեր գլխավորությամբ, Ձեր առաջնորդությամբ նախարարությունը բավական ծանր և մարտահրավերային փուլ է անցել, և ես վստահ եմ, որ ունենալով Ձեր վստահությունը՝ մենք կշարունակենք թիմի հետ նորանոր նվաճումներ ունենալ»,- ասել է Արփինե Սարգսյանը: