18.07.2025
ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ թռիչքների իրականացումը
26.02.2024
ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ թռիչքների իրականացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Ողջունելով դեսպանին նախագահն՝ ի դեմս նրա, իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է հղել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների կապակցությամբ: «Կարևորում եմ, հատկապես, քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը մեր երկրների միջև, որին կարող են նպաստել թե՛ բարձրաստիճան փոխայցելությունները, թե՛ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների պարբերական խորհրդակցությունների անցկացումը»,- նշել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ մաղթանքների համար, դեսպանը նշել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում իր ջանքերն է ներդնում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման շուրջ հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, տուրիզմի և այլ ոլորտներում Հայաստանի և Քուվեյթի փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման ուղիներին և անհրաժեշտ միջոցառումների խթանման հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն ինչպես նաև Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության խորացումը հատկապես ներդրումային ոլորտում։ Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ, որը բացի տարածաշրջանային խաղաղության և կայունության ամուր հիմք դառնալուց, ստեղծելու է նաև մեծ ներդրումային հնարավորություններ՝ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների իրականացման և մուտքի արտոնագրային ռեժիմի փոխադարձ ազատականացման հնարավորության վերաբերյալ՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանն ազատականացրել է Քուվեյթի քաղաքացիների մուտքը մեր երկիր: