Հովիկ Աբրահամյանի հրաարականից հետո, նոր ձևավորվելիք կառավարությանն ընդառաջ կանխատեսումների պակաս, թե նախարարներից ով հրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ ով կպահպանի այն չի զգացվում: Դրանց թվում քննարկվում էր նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ պաշտոնին հրաժեշտ տալու հավանականությունը, սակայն մինչ այն պահը, երբ ռուսական լրատվամիջոցը գրեց, որ Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուն է: Հիշեցնենք անցած շաբաթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ իրեն այդ պաշտոնում փոխարինողի անունը կհնչեցվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք նիստի ժամանակ և նշեց, որ թեկնածուն ՀՀ ներկայացուցիչ է լինելու: Ռուսական մամուլն էլ գրեց, որ այդ թեկնածուն Սեյրան Օհանյանն է: ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, հորդորում է զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ կանխատեսումներից. «Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ և այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն և երկրի համար նման կարևոր` կառավարության ձևավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից և ակնարկներից»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նշենք, որ առաջիկա օրերին նոր Կառավարության կազմը կհրապարակվի, քանզի այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: