Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Այս մասին հայտնել է նրա կինը: Վերջինիս խոսքով, բլոգերն առողջ է և «ապրում է» նորմալ պայմաններում, առանց հարևանների: Ամենակարևորն, ըստ նրա, այն է, որ նրա ոգին չի լքել իրեն և ի տարբերություն այն օրվա, երբ նա ժամանել էր Բաքու, վերականգնվել է լավատեսությունը: «Դա հիանալի է, քանի որ միայն այդպես է հնարավոր վերապրել այդ ամբողջ անհեթեթությունը»,- նշել է Եկատերինան: ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում, հավանաբար, կհանվի Լապշինի կողմից հեռախոսազանգեր կատարելու արգելքը: Միակ մտահոգությունը, որ հայտնել է Եկատերինան, վերաբերում է այն հանգամանքին, որ հետաքննության ընթացքը գաղտնի է պահվում: