Այսօր Ադրբեջանում կան պատրանքներ, թե Հայաստանը զբաղված է լինելու խորհրդարանական ընտրություններով, դրա համար էլ դառնալու է խոցելի, և գուցե Բաքուն կփորձի նոր սադրանքների դիմել։ Սակայն Ադրբեջանի կողմից բոլոր հնարավոր սադրանքները կստանան արժանի պատասխան։ Այս մասին Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը հիշեցրել է, որ թանկարժեք PR ակցիաների սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս ղարաբաղյան հարցն անվանել է Ադրբեջանի ներքին խնդիր և հենց այդ մտածողությունն է, որ հանգեցրել է սրման ու պատերազմի` բերելով տառապանքներ առաջին հերթին հենց Ադրբեջանի ժողովրդին։ «Ղարաբաղյան խնդիրը հայ ժողովրդի գործն է։ Ինչպես որոշի Ղարաբաղի ժողովուրդը, այդպես էլ կլինի Ղարաբաղի ապագան»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ Հայաստանը կանգնած է Ղարաբաղի թիկունքին։ «Բոլոր հնարավոր սադրանքները կստանան արժանի պատասխան հարված։ Մենք հիմք ենք ընդունում ուժերի իրական հավասարակշռությունը»,- հավելեց նա: