22.04.2025
Սեյրան Օհանյանն ու ամերիկացի կոնգրեսմենը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը
15.08.2016
Սեյրան Օհանյանն ու ամերիկացի կոնգրեսմենը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Շաբիթին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը: ՊՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Օհանյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը և նշել, որ այն հիմնականում կենտրոնացած է ՀՀ ԶՈՒ փոխգործակցելի կարողությունների զարգացմանն աջակցող կոնկրետ նախագծերի շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող հիմնական նախագծերին` խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացմանը, այս ուղղությամբ ՀՀ ստանձնած նոր պարտավորություններին, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորմանը, Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը նշել է, որ կոնգրեսական Շաբիթի հանդիպումը ՀՀ զինված ուժերի ղեկավարության հետ կարևոր էր՝ հաշվի առնելով Հայաստանի մեծացող դերակատարումը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում: Դեսպանը հավելել է, որ հայ-ամերիկյան ամուր ռազմական հարաբերությունների մասին են փաստում օրերս Գավառի ու Հրազդանի հիվանդանոցներ Կանզասի ազգային գվարդիայի բուժանձնակազմի այցելությունը, ինչպես նաև հայ զինծառայողների վերջերս կատարած այցը Կանզաս նահանգ, և երկուստեք ցանկություն կա առավել խորացնել այդ կապերը: Ըստ դեսպանի` հենց այսպիսի գործընկերություններն են, ինչպիսին հայ-ամերիկյանն է, որ առանցքային են կայուն ազատության ու ապագա բարեկեցության համար: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահող երկրների դերակատարությունը ԼՂ հակամարտության բանակցային կարգավորման գործընթացում և նշել, որ հայկական կողմը չափազանց կարևորում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` մշտադիտարկման ավելացման և հետաքննության մեխանիզմների ներդրումը, որը կանխարգելիչ դեր կունենա և պատասխանատվության շրջանակ կսահմանի: