27.11.2024
Փորձ N 2. Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները
prev Նախորդ նորություն

Լևոն Շիրինյանը պայքարելու է ԱԺ-ում ներկայացվածության համար

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև Լևոն Շիրինյանը: Նա գլխավորում է նոր ձեւավորված «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն նախընտրական ցուցակը:

Քիչ առաջ Լևոն Շիրինյանը ԿԸՀ հանձնեց անհրաժեշտ փաստաթղթերը՝ մեկնարկ տալով գործունեության ակտիվ փուլին ու քարոզարշավի նախապատրաստվելուն:

Ցուցակում 87 անուն է, նրանցից շատերը նաև ռեյտինգային ընտրակարգով են առաջադրվելու Հայաստանի բոլոր մարզերում: Առաջին տասնյակում են՝ Լևոն Շիրինյան, Մարիամ Մանուկյան, Գևորգ Հովսեփյան, Հայկ Սուքիասյան, Լևոն Թումանյան, Վարդան Արտաշյան, Հայկ Սանոսյան,Անուշ Սարգսյան, Միքայել Քացախյան, Խաչատուր Մառոզյան: Ի դեպ, Հայկ Սանոսյանը նախկին ԱԺ պատգամավոր է:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Շիրինյանը, ապագա խորհրդարանում իրենց մասնակցությամբ փորձելու են ազգային պահպանողական բևեռ ձևավորել: Նա վստահ է, որ հաջողություն կունենան, իսկ Հայաստանի համար էլ, շեշտեց, պարտադիր է, որ երկիրը թավշյա հեղափոխության երկրորդ փուլ թևակոխի քաղաքական գաղափարական պայքարի հոսանքով:

Կուսակցությունը առաջնորդվելու է ազգային-պահպանողական արժեհամակարգի սկզբունքներով, որի փիլիսոփայությունը Հայ առաքելական եկեղեցու դավանանքն է: Ինչ վերաբերում է իրենց ապագա գործունեությանը, ապա ծրագրերը արդեն նախանշված են. 

«Մենք մեր աշխատանքը ԱԺ-ում ուզում ենք սկսել ֆինանսական ռեֆորմից: Պետությունները սկսում են ճգնաժամը հաղթահարել ճանապարհաշինությունից, արդյունաբերության վերականգնումից, որոնց համար բացառիկ է ֆինանսական ռեֆորմը»,- նշեց նա:

Հետո արդեն առաջ են քաշելու նոր Ընտրական օերնսգիրք ունենալու պահանջը, Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» նոր օրենքը: «Հայաստանի համար չափազանց ձեռնտու է լինելու դասական պառլամենտարիզմը կանցլերական դեմոկրատիայի տեսքով: Եվ կունենանք հավասարակշռված խորհրդարան, ինչը մեր պետության համար կլինի բացառիկ արժեք»,- ասաց նա:

Այս պահին, նշեց Շիրինյանը, վաղ է խոսել, թե որ ուժի հետ են պատրաստվում համագործակցել.

«Դա թողնենք հաղթանակից հետո քննարկմանը…. Եթե կհաղթենք»,- հայտարարեց նա: